Կլինե՞ն սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ. տեսանյութ
ОбществоՍահմանադրական փոփոխությունների հետ կապված թեմայով անհրաժեշտ է քննարկումներ ունենալ ամենատարբեր շրջանակների հետ` հասկանալու համար, արդյո՞ք պետք է փոխել կառավարման համակարգը, թե ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել են որպես բաց քննարկման հնարավորություն: «Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգը, թե ոչ, այլ պետք է կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, բայց այն միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- նշեց Փաշինյանը:
Նա ասաց, որ անհերքելի են սահմանադրական կառուցակարգերի մեջ առկա խնդիրներ՝ հիշատակելով վերջին 7-8 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, Գլխավոր շտաբի պետի շուրջ ստեղծված իրավիճակը՝ դրանք որակելով որպես ռազմական հեղաշրջման փորձ:
«Սա նշանակու՞մ է արդյոք, որ պետք է գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների տիրույթում: Պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսենսուս չի ձևավորվելու, և մենք պետք է գնանք ամենառացիոնալ լուծումների»,- եզրափակեց Փաշինյանը: