ԱԻ նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին
ОбществоԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ա. Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները:
Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» փոխգործակցության հնարավորությանը:
Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր: