Ծրագրավորման դասընթացները պատերազմի մասնակիցներին աշխատանք գտնելու հնարավորություն են տալիս
Общество«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպում է «Full Stack» ծրագրավորման դասընթացների ծրագիրը, որն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներին մասնակցում են Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։ Նախաձեռնության նպատակն է վերջիններիս տալ նոր հմտություններ՝ հետագայում աշխատանք գտնելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ Ուսուցման համար ընտրվել են ծրագրավորման այնպիսի լեզուներ, որոնք պահանջարկ ունեն շուկայում։
Դասընթացներ կազմակերպելու գաղափարը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ավարտած ուսանողներից մեկինն է եղել, ով պատրաստակամություն է հայտնել դասավանդել պատերազմի հետևանքով տուժած երիտասարդներին՝ փորձարկելով ուսուցման հիբրիդային մոդելը։ Փորձարկումից պարզ է դարձել, որ գաղափարը գործունակ է, պահանջարկը՝ մեծ, մասնակիցներն էլ՝ մոտիվացված։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը նշում է, որ որպես պիլոտային ծրագիր դասընթացը մեկնարկեց Գյումրիում՝ 14 մասնակցով։ Հաշվի առնելով համավարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ պատերազմին մասնակցածներից շատերը հնարավորություն չունեին ֆիզիկապես ներկա գտնվելու դասապրոցեսին, այն կազմակերպվեց հիբրիդային տարբերակով՝ առցանց, ինչպես նաև շաբաթը մեկանգամյա պարբերականությամբ հանդիպումներով, որոնց ընթացքում էլ քննարկվում, պարզաբանվում են հեռավար դասերի ընթացքում կուտակված թեմաները։
Գյումրու պիլոտային ծրագիրն արդյունավետ եղավ, և այս օրինակով ևս երկու խումբ կազմավորվեց Գյուրիում ու Վանաձորում։ Այս պահին դասընթացներին ներգրավված է 48 մասնակից։ Նրանց թվում են ինչպես ծրագրավորման գիտելիքներ ունեցողներ, այնպես էլ սկսնակներ։
Գյումրու և Վանաձորի տեխնոկենտրոններում սերտորեն համագործակցում են մասնավոր սեկտորի հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս իրագործել կազմակերպիչների գլխավոր նպատակը՝ դասընթացի ավարտին ապահովել մասնակիցների զբաղվածությունը։
Իսկ օրինակները քիչ չեն։ «Full Stack» ծրագրավորում դասընթացի մասնակից Լևոն Կիրակոսյանը սովորում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Կառավարում» բաժնի չորրորդ կուրսում: Պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել: Նրա հայրը՝ Վահե Կիրակոսյանը, զինվորական է. պատերազմի օրերին հայր ու որդի թև-թիկունք են եղել և պաշտպանել հայրենի հողը: Լևոնը մեծ հաճույքով է հաճախում Full stack-ի դասերին և այժմ արդեն փորձաշրջան է անցնում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ArDesk ընկերությունում՝ որպես JavaScript ծրագրավորող:
Բելլա Հարությունյանը նշում է, որ սկզբնական փուլում բավականին բարդ էր աշխատել պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների անդամների հետ։ «Սակայն նպատակ էինք դրել ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք չեն վերհիշի պատերազմի օրերին զգացածը։ Դասընթացներն ինտեգրման շատ լավ տարբերակ են, որտեղ մարդիկ մեծ նպատակներ են դնում իրենց առջև՝ լուծելով տեխնոլոգիական խնդիրներ։ Այժմ կարող եմ վստահ ասել, որ դա մեզ մոտ ստացվել է. ոչ միայն մենք ենք դասընթացի մասնակիցների մոտ փոփոխություն զգում, այլև վերադարձել է հենց իրենց մոտիվացիան, տեսնում են, որ բազմաթիվ հնարավորություններ կան։ Եվ ամենաառաջին բանը, որ ես խորհուրդ եմ տալիս մասնակիցներին, երազելն է. գտնեն մի ընկերություն, որտեղ նրանք երազում են աշխատել ու գնան իրենց երազանքի հետևից»,- ասում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավարը և ավելացնում, որ ծրագրի շրջանակում ստեղծված ներառական մթնոլորտը դրական արդյունքներ է գրանցել։