Ցինիկ ծրագիր, անգրագիտության վերին աստիճան, սովորական «կռուտիտ», լրջագույն վտանգներ. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի բնորոշմամբ, այս ծրագիրը մի քիչ տարբերվում է նախորդից՝ այն իր մեջ ավելի շատ թվեր է պարունակում:
«Ծրագիրը հերթական բարի ցանկությունների փաստաթուղթն է: Բովանդակային մասը համեմված է ճոխ բառապաշարով, բայց հիմնավորվածության տեսանկյունից ինձ մոտ թերահավատության զգացում կա, և դրա համար ունեմ բավականին լուրջ հիմքեր: Ժողովրդական այսպիսի խոսք կա՝ եթե ձեզ խաբում են մեկ անգամ, ապա մեղավոր է խաբողը, եթե խաբում են երկրորդ անգամ, ապա մեղավոր եք դուք: Եթե դիտարկում ենք այս կառավարության նախորդ ծրագրի խոստումները և դրանց՝ 180 աստիճանով տարբերվող կատարողականները, ապա երկրորդ անգամ խաբվելու համար չեմ ուզում մեղավոր լինել: Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակային մասին, ապա այն ցինիկ ծրագիր է: Օրինակ՝ հինգ տարվա մեջ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 85 հազար դրամ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմ:
«Բյուջեի մասին» օրենքով տարեկան կտրվածքով նախատեսվում է չորս պլ յուս/մինուս 0,5 տոկոս գնաճ: Այդ գնաճը չեն կարողանում պահել, ընդ որում՝ գնաճի են ենթարկվում առաջին սպառման ապրանքները, ինչպես վերջերս եղավ 50, 60, նույնիսկ 80 և 100 տոկոսով: Վառելիքի շուկայում նույնիսկ 200 տոկոսով գնաճ տեղի ունեցավ: Եթե հաշվում ենք միայն հինգ տարվա բյուջեի գնաճը, որը մոտավորապես կլինի 30 տոկոս, նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը գնաճի հետևից չեն հասցնում: Սա դասական պոպուլիստական քայլ էր: Թիվն աչքի համար միգուցե հաճելի է, բայց երբ այն ավելի շատ վատթարացնող է, քան բարելավող, կարծում եմ՝ անիմաստ գրագրություն են արել: Ստացվում է, որ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն ավելի արժեքավոր է, քան 2026 թ.-ի 85 հազար դրամը, այսինքն՝ բարելավում տեղի չի ունենում: Սա առաջին հայացքից տեսողական խաբկանք է այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ինքնուրույն հաշվարկել գնաճի ազդեցությունը: Բացի սա, տնտեսական ծրագրի վերաբերյալ վերցրել են մի քանի բառեր, արտահայտություններ, որոնք գրավոր, բանավոր և հրապարակային քննարկումների և քննադատության ժամանակ երեք տարի ասում ենք իրենց: Թե՛ ես, թե՛ մասնագիտական համայնքից շատ տնտեսագետներ շեշտադրում ենք, որ պետք է կիրառել տնտեսագիտական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, բայց դրա կիրառման կարգը, ճանապարհը այս կառավարությունը չի պատկերացնում: Երևի հավանել են «տնտեսագիտական դիվանագիտություն» արտահայտությունը և սկսել կիրառել: Այն խորքային և անելիք պահանջող գործողություն է, որը պետք է սկսել միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունից և բոլոր դեսպանատներին գիտաառևտրային կցորդի դեր տալուց, որը չունենք:
Տնտեսության մեջ կարևորել են վերամշակող արդյունաբերությունը, գիտելիքահենք տնտեսությունը և այլն: Այդպիսի բառապաշարը նույնպես վերցրել են մեր հրապարակային ելույթներից: Որպեսզի Հայաստանում զարգացնենք վերամշակող արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը, պետք է ստեղծենք հիմքեր, իսկ դրանք չունենք: Չունենք հիմքեր նաև, թե ինչի հաշվին պետք է տուրիզմը զարգացնենք: Գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը, կարելի է ասել, անգրագիտության վերին աստիճանն է: Ասում են՝ պետք է զարգացնենք ինտենսիվ այգեգործությունը, անասնապահությունը, բայց ինչի հաշվին՝ նույնպես չգիտեն: Մեր արոտավայրերը, խոտհարքները վտանգի տակ են, դրանք բավականին ծավալով կրճատվեցին, որովհետև հողերի հանձնում իրականացրեցին, իսկ մնացած վայրերում անվտանգության զոնաներ չեն ապահովում: Ինքս ֆինանսների նախարարությանը գրավոր դիմում եմ ուղարկել, որ օրենսդրական փոփոխություն իրականացնեն, բայց այս մարդիկ հետևողականորեն չեն իրականացնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:
Նշում է՝ այսօրվա սպառման շուկաներում շատ դժվար է գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ - սուպերմարկետ կապի ապահովումը, որովհետև մի կողմից՝ սուպերմարկետից պահանջում են հարկեր՝ ԱԱՀ, շահութահարկ և այլն, իսկ գյուղացին վաճառքի ժամանակ ԱԱՀով հաշիվ չի կարողանում գրել, հետևաբար սուպերմարկետը կա՛մ նրանցից մթերում չի իրականացնում, կա՛մ քսան տոկոս լրացուցիչ գնիջեցում է կատարում: Այս դեպքում, ըստ Սարգսյանի, մրցակցության լուրջ խնդիր է առաջանում գյուղացիների և ջերմոցային տնտեսությունների միջև:
«Գյուղացիները շուկայից անընդհատ դուրս են մղվում: Եթե նպատակադրվում ենք, որ նրանք պետք է բանջարեղեն և միրգ աճեցնեն իրենց տարեկան սպառման ծավալով և մի քիչ էլ ավելի, ապա այդ նպատակին արդեն հասել ենք: Իսկ եթե գործողությունների առանցքն անձն է և նրա բարեկեցությունը, ապա այդ նպատակին այս ծրագրով չենք հասնելու: Ժողովուրդը, որը տուժում է նման անգրագիտությունների հետևանքով, հասկանում է դա, երբ արդեն շատ ուշ է լինում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին խոսվեց սահմանագծման և սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս հարցերի վերաբերյալ տրված պատասխանները փարատեցին քաղաքացիների և փորձագետների մտահոգությունները: «Բնականաբար, չենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, բոլորս սովորական «կռուտիտ» լսեցինք, այլ բառով ուղղակի բնորոշում տալ հնարավոր չէ: Այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ սահմանների ապաշրջափակմանը և բոլոր կոմունիկացիաների բացմանը: Մեր տնտեսությունը, զարգացման աճի տեմպը բավականին զիջում է մեր թշնամի պետություններին, իսկ մեծ տնտեսությունները սովորաբար կլանում են փոքրերին: Մարդիկ այս դարում գնում են հեշտ փող աշխատելու ճանապարհով: Եթե ՀՀ քաղաքացին հասկանա, որ Թուրքիայից լոլիկի ներկրումն ավելի էժան է լինելու, քան աճեցումը, ապա նա գնալու է այդ ճանապարհով:
Սա արդեն լրջագույն վտանգ է: Հաջորդը՝ մեր քաղաքացին պատրաստ է իր գույքը վաճառել օտարին շուկայականից ավելի թանկ գնով: Երաշխավորում եմ, որ թուրքերը նպատակադրված գալու են և կրկնակի գին վճարեն, որպեսզի ձեռք բերեն այդ գույքը: ՀՀ քաղաքացին էլ պատրաստ է այն վաճառել, իսկ սա ևս վտանգավոր է: Այս պայմաններում ապաշրջափակման մասին ընդհանրապես պետք չի խոսել: Ինչ վերաբերում է դեմարկացիային և դելիմիտացիային, այս պահին սա ՀՀ-ի համար լրջագույն սպառնալիք է: Հանրությանը պետք է բացահայտ կերպով ներկայացնեն, թե ինչ է սա նշանակում: Մեր պատկերացրածով՝ սա սահմանների ճշգրտումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը: Սա նշանակում է, որ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից և աշխարհին ի ցույց ենք դնում, որ պատրաստ ենք ամեն ինչը նվիրելու: Այսինքն, մեզանից վերցնում են, և մենք համաձայնում ենք»,-ասում է «Աուդիտորների պալատի» նախագահը:
Նման լրջագույն մարտահրավերների պայմաններում օրենսդիր մարմնում երկրի համար կարևոր փաստաթղթի քննարկումը չի անցնում առանց «բախումների»՝ փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, պատգամավորներն իրեր են նետում միմյանց վրա: «Սա շատ վատ երևույթ էր: Այն իր մեջ, իհարկե, սադրանք էր պարունակում: Առաջին անգամ եմ տեսնում, որ երկրի ղեկավարը այդպիսի ոչ ադեկվատ վարքագիծ ունենա, թեպետ դրանում բազմիցս համոզվել ենք: Կսադրի, դրանից հետո կպաշտպանի, հետո կհրահրի բախում: Բայց ուզում եմ ընդհանուր գնահատական տալ սրան: Ինձ համար ընդդիմությունը և իշխանությունը դարձել են նույն կատեգորիայի անբովանդակ, Հայաստանի համար ճոխություն ներկայացնող Ազգային ժողով: Մի կողմ դնենք, որ քաղաքական իշխող ուժը տգետ է, ոչ մի դրական որակ չունի:
Սա գիտենք, բազմիցս համոզվել ենք, սա չի էլ քննարկվում: Այսօր թրենդային էլ չէ կառավարությանը քննադատելը, քանի որ այնտեղ բան չկա քննադատելու: Այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ժամանակ ընդդիմությունը պետք է լինի ավելի բովանդակային, ավելի թիրախային և կառուցողական հարցադրումներ իրականացնի: Ե՛վ իշխանությունից, և՛ ընդդիմությունից կցանկանայի տեսնել բովանդակային և ՀՀ հարատևմանն ու զարգացմանը, քաղաքացու բարեկեցությանը, անվտանգությանն ու առողջությանն ուղղված քննարկումներ, ինչին բավականին երկար ժամանակ ականատես չենք լինում: Իսկ մենք ժամանակ չունենք դատարկաբանություններով զբաղվելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում