Կամուրջը վերակառուցվել է, իսկ ճանապարհն անմխիթար վիճակում է. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «Կորեայի ձորի» կամուրջը վերակառուցվել է և հանձնվել շահագործման: Խոսքը Հրազդան գետի վրա գտնվող կամրջի մասին է, որը խնդիր է եղել բոլոր ժամանակներում: Պետք է նշել, որ այդ կամուրջն իսկապես չափազանց կարևոր նշանակություն ունի: Սակայն, եթե Թբիլիսյան խճուղուց մինչև նշյալ կամուրջն ընկած ճանապարհահատվածը վերջին շրջանում շատ մասնակի վերանորոգման է ենթարկվել (թեպետ շատ հեռու է բավարար լինելուց), ապա կամրջից մինչև Քանաքեռավան-Զովունի բաժանարար խաչմերուկ ճանապարհը շատ վատ, անմխիթար վիճակում է և հազիվ թե նպաստի այստեղով նորմալ հոսքին ու մայրաքաղաքում, հատկապես Կոմիտասի պողոտայում երթևեկության թեթևացմանը որպես այլընտրանքային ճանապարհ Դավիթաշենի կամրջին:Դրան զուգահեռ, երթևեկության համար չափազանց վտանգավոր է բուն «Կորեայի ձորի» կամուրջը (կանալի վրայի), քանի որ չափազանց նեղ է:
«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք նախատեսվում է հիմնանորոգել կամ վերանորոգել նշյալ ճանապարհը, և եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում, ինչպես նաև՝ արդյո՞ք նախատեսվում է վերանորոգել (լայնացնել) նաև բուն «Կորեայի ձոր» կոչվող թաղամասի կամուրջը: Ի պատասխան, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Կորեայի ձորում» Հրազդան գետի վրա կառուցված կամրջից դեպի Քանաքեռավան և Զովունի տանող ճանապարհը Երևան քաղաքի սահմաններից դուրս է, այն ընդգրկված է ՀՀ Կոտայքի մարզի տարածքում:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված «Կորեայի Ձոր» թաղամասի կամրջի վերանորոգման աշխատանքներ 2021 թվականին նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ նշված աշխատանքները կապիտալ բնույթի են, իրականացման համար անհրաժեշտ է ձեռքբերել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթեր, որը 2021 թվականի ծրագրերով նախատեսված չէ»,- նշված է պատասխանում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում