Զոհված զինծառայող Գևորգ Ջավախյանի հիշատակին նվիրված երգի վրա աշխատելը զգացմունքային առումով ինձ շատ բարդ տրվեց․ Էմանուել Հակոբյան
ИнтервьюԸնդամենը կարճ ժամանակ հետո երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը (Eman) հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝ թվով 3-րդ անհատական աշխատանքը։
«Այս աշխատանքի գաղափարն ինձ մոտ առաջացել է մի տեսարանի ականատես լինելով։ Այն փոքրիկ պատմություն է՝ իր սկզբով, ընթացքով և հանգուցալուծումով։ Նրա գլխավոր հիմքում ջութակի ելևէջներն են, որոնք աննկարագրելի գեղեցիկ են։ Այն Oriental Deep House ոճի մեջ է, ինչի շնորհիվ ունկնդիրը կտեղափոխվի այն աշխարհ, որն այդ պահին իր երևակայությունը թույլ կտա։ Արել եմ այնպես, որ յուրաքանչյուրն այս ստեղծագործությունը լսելիս ունենա իրեն հատուկ զգացողություն, այսինքն՝ երևակայելու հնարավորությունը թողնում եմ իրենց»,- մեզ հետ զրույցում պատմեց Էմանուել Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ մինչ իր նոր ստեղծագործությունը վերջնական կետին հասցնելը, ինքն Արամ MP3-ի և Րաֆֆի Ալթունյանի հետ համատեղ աշխատում էր 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված 19-ամյա Գևորգ Ջավախյանի հիշատակին նվիրված երգի վրա․
«Երգը կոչվում է «Լուսավոր տղա», կարծում եմ այն արդեն շատերին է հայտնի։ Այս աշխատանքը զգացողությունների առումով ինձ շատ բարդ տրվեց, քանի որ ամեն անգամ վերհիշում էի այն ամենը, ինչ կատարվեց մեզ հետ։ Արել եմ երգի ձայնագրությունը և mixing-ն ու mastering-ը։ Ինչպես յուրաքանչյուր երգի, այնպես էլ այս ստեղծագործության դեպքում մեծ պատասխանատվություն էի զգում, որևէ բան այնպես չանելու իրավունք պարզապես չունեի»,- ասաց Էմանուելը։
Երաժշտի խոսքով, թեև արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է հայ հայտնիների հետ, բայց ամեն անգամ, երբ նոր առաջարկ է ստանում, առաջին հերթին փորձում է հասկանալ, թե տվյալ աշխատանքն իր ձեռագրին և որդեգրած երաժշտական ոճին որքանով է համապատասխան․
«Գրեթե 20 տարի է, ինչ երաժշտության ոլորտում եմ և հպարտությամբ կարող եմ նշել, որ երբեք չեմ հեռացել այն ոճերից, որոնց շրջանակներում ստեղծագործում եմ (հաուս, լատինական ռեգետոն, Bombeyshn)։ Սկսած 2015թ․-ից՝ իմ «Eman» ստուդիան արտադրում է երաժշտական այնպիսի արտադրանք, որը կարողանում է լսելի և հաճելի լինել հայ ունկնդրին, ինչի արդյունքում էլ այդ աշխատանքները միլիոնավոր դիտումներ են գրանցում Youtube-ում։
Ես կամ պետք է անեմ գրագետ աշխատանք՝ հեռու ռաբիսից, կամ ընդհանրապես ավելի լավ է ոչինչ չանեմ, իսկ եթե 6/8, ապա՝ միայն ժամանակակից 6/8, որն այժմ անվանում են ժամանակակից պարսկական 6/8, որը բոլորովին նման չէ հայկականին»,- նշեց Էմանուելը և շարունակեց․
«Իմ մասնագիտական վարկանիշը ապահովում են որակյալ երգերը, ես չեմ կարող ուղղակի գումար վաստակելու համար իջեցնել այդ վարկանիշը։ Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ Ժամանակ առա ժամանակ նույնիսկ լինում են այնպիսի դեպքեր, երբ ես զգալով, կանխատեսելով, որ այս կամ այն երգը չի արդարացնելու երգչի կամ երգչուհու սպասելիքները, պարզապես հրաժարվում եմ աշխատել դրա վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Էմանուել Հակոբյանը։