Ստիպողական պատվաստումը չի կարող համարվել Սահմանադրությանը համապատասխան. Ռուբեն Մելիքյան
Общество«Այն բոլոր մարդիկ, որոնք պատվաստվում են, կամա-ակամա մի մեծ գիտափորձի մեջ են մտնում»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Այս պատվաստանյութերը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեն և դրանց հատկանիշները, թե ինչ ազդեցություններ, հետևանքներ են ունենում այլ հիվանդությունների վրա, մարդիկ տեղյակ չեն: Նրանք, փաստորեն գիտափորձի մաս են դառնում: Հնարավոր չէ պնդել, որ այս ամենը որևէ վտանգավորություն չունի: Երկրորդը, դեպքեր կան, որ մարդիկ պատվաստվելուց հետո հիվանդանում են, նույնիսկ մահանում են: Հետևաբար, միանշանակ ասել, որ դրանք անվտանգ են, նույնպես հնարավոր չէ: Այսինքն՝ մի կողմից վտանգը մեծ է, մյուս կողմից՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ պիտանի համարու՞մ է տվյալ միջոցը, թե՞ ոչ: Ստացվում է, որ նա մասնակցի ինչ-որ մի գիտափորձի, որ նա այդ ֆորմալ գործողությունը կատարի, բայց դրա պիտանիությունը ապացուցված չէ, և որ ավելի վատ է, ապացուցված չէ, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում, ասենք, 5-10 տարի հետո»,- ասաց նա:
Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ սա Սահմանադրության խախտում է և ստիպողական պատվաստումը չի կարող համարվել Սահմանադրությանը համապատասխան. «Մարդիկ կարող են համատարած դիմել դատարան և վիճարկել պարտադրվող կարգը: ՀՀ նախագահը կարող է այս հարցով դիմել ՍԴ, ավելի հավանական է, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է դիմել դատարան»,- ասաց նա: