Վարդենիսից գրեթե 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ОбществоՎարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում, որեւէ մեկն արդեն իրավունք չունի դրանով զբաղվի, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել` կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ»,- ասաց համայնքապետը:
Աղաբաբյանը հայտնեց, որ ընտանիքը զինծառայողի հարցով դիմել է նաեւ Կարմիր Խաչին, եւ չի հաստատվել զինծառայողի` Ադրբեջանում գտնվելու փաստը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։
Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
- Վարդենիսում անհետացած ժամկետային զինծառայողը չի գտնվել թշնամական ուժերի հետ շփման անմիջական հատվածում. Դատախազություն
- Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա․ Կողբի գյուղապետ