Հնդկաստանցի տղամարդը նիհարել է 21 կգ-ով, դրանում մեղադրել է կնոջը եւ դատի տվել նրան
Международные новостиՀնդկաստանի Հիսար քաղաքում դատարանը հավանություն է տվել ամուսնության ընթացքում 21 կիլոգրամ քաշ կորցրած տղամարդու ամուսնալուծության հայցին: Նա կտրուկ նիհարելու մեջ մեղադրել է դաժան ու դյուրագրգիռ կնոջը եւ ամուսնալուծություն պահանջել, հայտնում է Times of India-ն:
Զույգն ամուսնացել է 2012 թվականին եւ ունեցել է մեկ դուստր: Տղամարդը պնդել է, որ իր կինը դյուրագրգիռ ու վատնող է եղել եւ երբեք չի փորձել շտկել հարաբերությունները իր հարազատների հետ: Նրա խոսքով՝ կինը հաճախ է վիճել մանրուքների շուրջ, որոնց պատճառով նա իրեն նվաստացած է զգացել ընտանիքի առջեւ, սակայն լռել է՝ հույս ունենալով, որ ապագայում կինը խելքի կգա: Բայց նրա վարքագիծը չի փոխվել:
Արդյունքում, ամուսինը մեղադրել է կնոջը դաժանության մեջ, դատի տվել նրան եւ ասել, որ ամուսնությունից առաջ ինքը կշռել է 74 կիլոգրամ, բայց այդ ժամանակից ի վեր իր քաշը նվազել է մինչեւ 53 կիլոգրամ: Տղամարդը քաշի կորուստը վերագրել է կնոջ կողմից հոգեբանական բռնության հետեւանքներին:
Կինը պնդել է, որ միշտ կատարում էր իր ամուսնական պարտականությունները:
«Ամուսինս երբեք սիրով ու քնքշությամբ չէր վերաբերվել ինձ: Ընդհակառակը, նա միշտ դաժան է եղել իմ հանդեպ: Եւ ես միշտ սիրալիր եմ եղել նրա հարազատների հետ»,- գրել է կինը հայտարարության մեջ: Նա հավելել է, որ ամուսինը եւ նրա հարազատները հետապնդել են իրեն եւ օժիտ են պահանջել:
Սակայն դատարանը պարզել է, որ կինը լքել է ամուսնուն 2016 թվականին եւ նրա մոտ է թողել դստերը, որի հետ երբեք չի փորձել հանդիպել: Պարզվել է, որ տղամարդու ընտանիքը երբեք հնդկուհուց օժիտ չի պահանջել եւ հարսանիքից հետո նույնիսկ վճարել է նրա կրթության համար:
Կինը բողոքարկել է ամուսնալուծության որոշումը՝ խնդրելով չեղյալ համարել այն, սակայն դատարանը մերժել է: