Մոուրինյո․ Առանձնահատուկ հանդիպում էր, որը կհիշեմ մինչեւ կյանքիս վերջին օրը
Спорт«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հաղթանակը «Սասուոլոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում՝ 2։1։ Այդ հանդիպումը 1000-րդն էր պորտուգալացի մասնագետի մարզչական կարիերայում։
«Այս շաբաթ ես ինձ ստում էի, թե այս հանդիպումը առանձնահատուկ չի լինի։ Ես փորձում էի ինձ համոզել, որ ոչ մի հատուկ բան չկա, բայց այս հանդիպումն իսկապես առաձնահատուկ էր, եւ այն կհիշեմ մինչեւ կյանքիս վերջին օրը։
Դա իմ 1000-րդ խաղն էր։ Ես ապրումներ ունեի, թե կարող է պարտություն գրանցվել, բայց ստացվեց անհավանական դիմակայություն։ Հաշիվը կարող էր լինել 6։6, 7։7, «Սասուոլոն» կարող էր հաղթել 2։1 հաշվով, Ռուի Պատրիսիուն մի քանի անհավանական սեյվեր կատարեց, մենք երկու ակնհայտ գոլային պահ չիրացրինք։
Բացարձակ ոչ սովորական խաղ էր։ Այսօր ես ինձ չէի զգում 58 տարեկան։ Կարծես՝ 10, 12 կամ 14 տարեկան լինեի, երբ սկսում ես երազել ֆուտբոլում կարիերա անելու մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Մոուրինյոյի ղեկավարությամբ «Ռոման» Իտալիայի ընթացիկ առաջնությունում տարել է միայն հաղթանակ եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։