Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվեցին
ОбществоԱմանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի փաթեթի թվում ընդունվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների և հիշատակի օրերի մասին 2001 թ. հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:
Մինչդեռ նախկինում, ըստ նշված օրենքի 1-ին հոդվածի՝ ոչ աշխատանքային էին համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ որպես Ամանոր, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը՝ որպես նախածննդյան տոներ, և հունվարի 6-ը՝ որպես Սուրբ ծննդյան և Հայտնության տոն:
Նոր նախագծով՝ նաև ուժը կորցրած է համարվում օրենքի 1.1 հոդվածը, որի համաձայն՝ ոչ աշխատանքային էր նաև հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր:
Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է այն փաստարկով, որ «տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա»։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ-ի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։
Ավելին՝ այստեղ