«Ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հողերը հանձնելով՝ իր ապազգային քաղաքականության տրամաբանությամբ այս իշխանությունն ավարտեց իր դավաճանական առաջին փուլը, և հիմա անցել է երկրորդ փուլին:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով 44օրյա պատերազմից մեկ տարի անց երկրի առջև ծառացած մարտահրավերներին: «Նիկոլը բարձր ամբիոնից ասում էր՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Հիմա նույն քաղաքականությամբ իրենք շարունակում են իրենց գործունեությունը, իրենք սա պարտություն չեն համարում, որովհետև իրականում հենց դրա համար էլ եկել են: Սա Նիկոլի ու իր այսօրվա իշխանության պարտությունը չէ, դա պարզապես իրենց աշխատանքն էր, ինչի համար եկել էին իշխանության: Հայ ազգի պարտությունն է սա: Իրենք իշխանությունը զավթել էին Արցախի հարցն օրակարգից հանելու և Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու համար: Հիմա երկրորդ՝ Հայաստանի ինքնիշխանության թուլացման փուլն է: Առաջին փուլով լուծեցին Արցախի հարցը, երկրորդ փուլով լուծելու են Հայաստանի հարցը: Իսկ ինքնիշխանության կործանումն ինչ-որ մի պետության գաղութ դառնալ է նշանակում: Այս առումով կանխատեսումները կապված են Թուրքիայի հետ»,-ասաց Գ. Գևորգյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին գործողություններին, նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ նա նշեց. «Իրականում խնդիրն այս իշխանության մեջ է: Նրանք իշխանության են եկել թուրք- ադրբեջանական տանդեմի շահերը պահելու համար: Ադրբեջանը պարզապես իր ագրեսիվ քաղաքականությունն է ցույց տալիս: Չպետք է մոռանալ, որ քանի դեռ ցեղասպան թուրքը տենչում է Հայաստանի հողերին, իր ագրեսիվ հռետորաբանությամբ խոսում է հայ ժողովրդի ոչնչացման մասին, այդ թուրքի հետ երբեք չես կարող խաղաղ ապրել, չես կարող խաղաղասեր լինել այդ թուրքի նկատմամբ: Առավել ևս, երբ քո երկրում նրանց ազատ գործելու հնարավորություն են տվել, և մտածում են, թե այդպես անպատիժ կարող են իրենց հաղթած զգալ: Թուրքն ու ադրբեջանցին մեզ չեն հաղթել, մեզ թիկունքից դավադիր հարվածեցին հենց իշխանազավթները: Ազգային իշխանություն ունենալու դեպքում նման վիճակ մենք չէինք ունենա: Եթե հիմա որոշենք, որ պետք է ազգովի ոտքի կանգնենք և մի հարվածով փոխենք սրանց, հավատացած եղեք, որ շատ ու շատ հարցեր կլուծենք: Այդ դեպքում մթնոլորտը, նաև այս պառակտված վիճակը կփոխվի: Մենք անընդհատ շարունակում ենք պառակտվել: Թե՛ գերտերությունները, թե՛ թշնամիները, նրանք բոլորը մեր հաշվին իրենց խնդիրներն են լուծում, բայց մենք, որպես ազգ, անկախ մեր քաղաքական հայացքներից, պետք է հասկանանք, որ միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք»:
Գևորգ Գևորգյանի խոսքով, այսօր հայ ժողովուրդը մի բռունցք դառնալու և ազգային նպատակներով իշխանություն ձևավորելու խնդիր ունի: «Ապազգային իշխանությունը զավթեց մեր երկիրը, նվիրեց մեր ազատագրած տարածքները, պառակտեց ժողովրդին, ավելի քան 5000 կյանք կործանեց, ճակատագրեր խեղաթյուրեց: Այս ամենի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ թե զուտ նրա համար, որ արդարություն պետք է լինի, այլ որ սա նախադեպ չդառնա: Ցանկացած ապազգային իշխանություն, անկախ ժամանակներից, պետք է պատժվի, ու ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ հայը դավաճանություն չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու, քանի որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Դեռ մեկ տարի առաջ պետք է լուծեինք այս ապազգային իշխանության հարցերն ու պատասխանատվության ենթարկեինք: Թեպետ չստացվեց, բայց վստահ եմ, որ հիմա կստացվի: Մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս հնարավոր չէ, ու բողոքի ալիքները նորից սկսում են բարձրանալ: Այս ապազգային իշխանությունն ամենալկտի ձևով Թուրքիային պատասխանատվության ենթարկելու փոխարեն օգտվում է թուրքերի տնտեսությունից, զարգացնում այն: Հասել ենք մի կետի, երբ Հանրապետության հրապարակում կարող ենք թուրքական մեքենաներ տեսնել, որոնցով «գունագեղ տոնակատարության» համար ապրանք է մատակարարվել:
Խոսքը ցեղասպան Թուրքիայի մասին է, որը մինչ օրս մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում և որը պատերազմում իր դերակատարությունն ունեցավ: Հիմա այսօրվա իշխանությունը իր քաղաքացիներին պարզ ցույց է տալիս, որ թքած ունի հայ ժողովրդի վրա: Հնարավոր բոլոր միջոցները պետք է օգտագործել, որ ամբողջ հայ ազգն արթնանա: Երբ մեր խիղճն արթնանա, ամեն ինչ տեղը կընկնի: Հայ մարդու խիղճն են բթացրել, հայ մարդու խիղճն են փորձել կուրացնել, որ մեկս մյուսի նկատմամբ գթասրտություն չունենանք, չարացած լինենք ու բաժանվենք միմյանցից: Սևեր-սպիտակներ, հներ-նորեր... Տարբեր տեխնոլոգիաներով բթացրել են հայ մարդու խիղճը ու շարունակում են նույն գործընթացը: Մեր խիղճը մեռած չէ: Հենց գենետիկ խիղճն արթնանա, իշխանազավթները պատասխանատվության առաջ են կանգնելու: Վստահ եմ՝ կուղղենք մեր մեջքն ու հետ կբերենք կորցրածը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում