Ես կողմնակից եմ մշակութային հաղթանակներին
ОбществоՎերջին երկու տարվա ընթացքում ողջ հայ ժողովուրդը անցավ ծանր արհավիրքների միջով ու ունեցանք մեծ կորուստներ: Սակայն պետք է ասեմ, որ, ուսումնասիրոլով մեր բազմադարյա պատմությունը, կարծում եմ մենք ավելի ծանր էջեր ենք ունեցել և մշտապես հաղթահարել ենք: Ոչ թե պետք է անընդհատ մտածել՝ ինչպես զենքի ուժով հաղթահարել խնդիրները, այլ չմոռանանք նաև մշակույթի ազդեցության մասին: Ես կողմնակից եմ մշակութային հաղթանակներին: Ցավոք, վերջին շրջանում յուրաքանչյուր կրթօջախ ապրեց հետընթաց: Հիմա հաղթահարում ենք, հաղթահարելու ենք բազմապիսի արգելքներ: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ մենք հնարամիտ, խելացի ազգ ենք և ունենք հզոր մշակույթ: Պարարվեստը լրջագույն ուղղություններից մեկն է, և մենք պարտավոր ենք թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանից դուրս քարոզել պարը, ազգայինը, ժողովրդականը: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ներկայացված են հիմնական երկու պարային ժանրեր՝ հայկական և դասական, իսկ համերգային ծրագրերի ընթացքում անդրադառնում ենք նաև տարբեր ազգերի պարերին:
Մեր ռուսաստանյան մասնաճյուղերը այս տարի բավական ակտիվ սկսեցին աշխատել: Ժամանակի հրամայականն էր արդեն Հայաստանում ունենալ կենտրոնական մասնաճյուղ: Շատ վաղուց էր պլանավորվում ունենալ ավելի մեծ, ընդարձակ, բարվոք պայմաններով մասնաճյուղ , և մենք բացեցինք այն: Այսօր ներկայանում ենք 3 մասնաճյուղերով ՝ Մալաթիա համայնքում, Արտաշատում և Երևանի կենտրոնական ՝ Տիգրան Մեծ 18: Այսօր և՛ ծնողները, և՛ երեխաները պահանջատեր են, ինչպես և մենք պահանջատեր ենք ներսում՝ պարուսույցներից, աշխատանքի կազմակերպումից սկսած կարևորում ենք սաների գեղագիտական դաստիարակությունը: Ցանկացած գործունեության մեջ հասարակությունը մասնագիտացել է. շատ լավ է հասկանում՝ ում վստահել, ում՝ոչ: Իսկ մենք ապահովում ենք ամենը, ինչը կօգնի բացահայտել նոր տաղանդներ: Դա մեր նպատակն է: Երևանի կենտրոնական մասնաճյուղում երեք տարիքային խումբ ունենք: Կրտսեր դասարանները 2 են՝ 3-7 տարեկաններ, 8-13 տարեկան՝ միջին խումբն է, և 13-ից բարձր մենք լրացնում ենք ավագ խմբերը: Նշենք, որ ավագ խմբից մասնակիցներ հետո դառնում են մեր հիմնական կազմի անդամները:
Շատ բուռն համերգային ընթացք է ապրում մեր գործունեությունը հիմա մոսկովյան և մերձմոսկովյան քաղաքներում: Այս պահին պատրաստվում ենք կրեմլյան երկու համերգներին՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հարութ Փամբուկչյանի 70-ամյակին նվիրված համերգներին: Այսպիսի մեծամասշտաբ համերգները ամենամյա բնույթ են կրում և շարունակական են: Այնուհետև դեկտեմբերին, կրկին Մոսկվայում ներկայանալու ենք մեծ մենահամերգով մեր բոլոր մասնաճյուղերի սաներով ներգրավված, իսկ փետրվարին՝ Երևանում կանցկացնենք Հայաստանյան մասնաճյուղերի սաների մենահամերգը:
Հպարտությամբ ասեմ, որ մեր հաջողության գրավականը անսահման սերն է կոլեկտիվի ներսում և թիմային աշխատանքը: Շատ կարևոր է, որ մեկը մյուսի նկատմամբ հոգտարություն դրսևորի, խնամք, կարեկցանք, սեր և հարգանք ցուցաբերի: Փորձից ելնելով հավաստում եմ, որ մերոնք տիրապետում են այդ հատկանիշներին: Ամեն տարի համալրումներ ունենում ենք, բայց քիչ են լինում մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր ռիթմով առաջ գնալ: Մեծ ընտանիքի բանաձևը առաջնորդում է մեզ: Արվեստի մեջ մեր մեծ ու հաջողված շրջագայության համար շնորհակալ ենք բոլորս: Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ: