«Մտեք ձեր սահմանը, ձեր տեղը». Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել վարչապետի այցը «Եռաբլուր» (ֆոտո)
TV«Եռաբլուրում» լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը:
Ոստիկանները որեւէ պատասխան չտվեցին, թե ինչու թույլ չեն տալիս լրագրողներին առաջանալ:
«Ով ձեզ ասել է, թե որտեղ կանգնեք, իրենից էլ հարցրեք, թե ձեր հետագա գործունեությունն ինչպես եք ծավալելու: Առանց մեկնաբանությունների, մենք մեր ծառայությունն ենք անում: մեզ հարցեր մի տվեք»,-ասաց ոստիկաններից մեկը:
Լրագրողները նշեցին, որ իրենց հրավիրել են լուսաբանելու վարչապետի այցը «Եռաբլուր», չեն հրավիրել լուսաբանելու մինչեւ աստիճաններ. «Կարո՞ղ եք հիմք ցույց տալ, որ թույլ չեք տալիս: Կամ նշեք, թե ո՞վ է ձեզ հանձնարարել թույլ չտալ»,-ասացին լրագրողները:
Քիչ անց լրագրողներին մոտեցավ քաղաքացիական համազգեստով անվտանգության աշխատակիցներց մեկը եւ ասաց. «Պետական մակարդակով անցկացվում է միջոցառում: Մենք ոչ մեկին չենք խանգարում: Խնդրում եմ՝ մտեք ձեր սահմանը, ձեր տեղը, ձեզ համար նախատեսված վայրը»:
Դրանից հետո եկան կարմիրբերետավորները, շարքով կանգնեցին եւ փակեցին լրագրողների դիմացը: