«Արցախյան ազատամարտի նահատակները հայոց պետականության իրական խարիսխներն են». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Երևանի թիվ 46 ավագ դպրոցի դասասենյակներից մեկում աշխատանքային ամենաիսկական եռուզեռ էր: Ներս մտնելով՝ աչքդ միանգամից ընկնում է հանդիպակաց պատին փակցված նկարներին: Տղաների խիստ և ժպտացող հայացքների ներքո աշխատող մարդիկ և ներս ու դուրս անող երեխաները չեն կարողանում աչքները կտրել լուսանկարներից, ասում են՝ կանգնում, զրուցում ենք հետները, հարցեր տալիս, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում: Մեկը մյուսից պայծառ, կենսախինդ աչքերով ու այնքան երիտասարդ: Ավաղ, նրանց ֆիզիկական ներկայությունը վայելելու հնարավորությունն այլևս չենք ունենալու:
Մեկ տարի առաջ սահմանին պատերազմ էր, զոհասեղանին դրվեցին Արցախն ու պետականությունը: Ռազմագիտության դասասենյակն այսուհետ լինելու է փոքրիկ հավաստումն ու հիշեցումը նրա, որ դպրոցի չորս շրջանավարտներ՝ Դմիտրին, Արամայիսը, Տիգրանը և Ֆելիքսը, Արցախյան վերջին պատերազմում բռնեցին հավերժության ճամփան: Հայացքս սահուն հեռանում է նկարներից դեպի բաց պատուհանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ դասասենյակի պատուհանի մոտ է ծածանվում մեր պետական դրոշը, տղաներն էլ, կարծես թե, ակամայից շարունակում են հսկել եռագույնը:
Դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը նշում է՝ նման դասասենյակ ունենալու մտահղացում իր գիտակցության մեջ վերջին տարիների ընթացքում չէր առաջացել: «1991-94 թվականների ընթացքում մեր ազատամարտի հերթական փուլում ևս ունեցանք շուրջ 6000 զոհ, բայց մեր դպրոցի շրջանավարտներից որևէ մեկն այդ պատերազմում չէր զոհվել»,-ասում է տնօրենը, հետո հավելում. «Իհարկե, մշտապես քննարկել ենք հարցը, թե ինչպիսին ենք ուզում տեսնել ռազմագիտության՝ նախնական զինվորական պատրաստության դասասենյակը: Որոշակի աշխատանքներ իրականացնելու մտադրություն կար, որովհետև դասասենյակի ընդհանուր տեսքը, պայմանները չէին համապատասխանում մեր կողմից իրականացվող տվյալ առարկայի գծով ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովմանը:Պլանավորել էինք այդ դասասենյակը ևս վերանորոգել, բայց ինչպես ասում են՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»,-նշում է «Փաստի» զրուցակիցը:
Նկարների հետ ներկայացված են նաև տղաների կենսագրական որոշ տվյալներ: «Մեր տղաներից Դմիտրի Իսպիրյանը կադրային զինվորական էր, ռազմական կրթություն էր ստացել նաև Հունաստանում, իսկ այս վերջին պատերազմի ընթացքում իր զինվորական ծառայությունն էր անցկացնում Արցախում: Մեր մյուս տղաները կամավոր էին մեկնել ռազմաճակատ և մասնակցել ռազմական գործողություններին»,ասում է դպրոցի տնօրենը:
Դասասենյակում ներկայացված են չորս տղաները, բայց, տնօրենի խոսքով, նրանք իրենց մեջ խտացնում են հայրենիքի համար ընկած բոլոր տղաներին: «Մենք այս ճանապարհով ցանկանում ենք մեծարել նրանց կատարած գործը, խոնարհվել նրանց հիշատակի առջև: Այս ամենը մեզ համար ունի նաև այլ նշանակություն՝ այս ոգով, տղաների օրինակով պետք է սերունդ կրթել և դաստիարակել: Այս տարի նշում ենք հայոց պետականության 30-ամյա տարեդարձը: Արցախյան ազատամարտի բոլոր նահատակները մեր հայոց պետականության իրական խարիսխներն են: Ինձ համար Եռաբլուրը և մեր մյուս բոլոր գերեզմանատները, որտեղ ննջում են մեր տղաները, ոչ միայն սրբավայր են, այլ նաև ոգեկոչման, արարման, նոր իրադրության մեջ նորովի մտածողություն զարգացնելու փայլուն հնարավորություն: Այդ հողը չի կարող այլ կերպ սնուցել մեր մտածողությունը, եթե մենք իսկապես ընկալել ենք դրա արժեքը: Մեր տղաները հայրենիքին ամենաթանկն են զոհաբերել, նրանք իրապես չէին էլ ճաշակել կյանքի ողջ գեղեցկությունը, բայց անգամ այդ տարիքում պատրաստ եղան հանուն հայոց պետականության պաշտպանության ամենաթանկը զոհաբերել: Նրանք իրենց անօրինակ սխրագործություններով նույնականանում են պետականության գաղափարի հետ»,-եզրափակում է դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը:
Զրույցից հետո շրջում ենք դպրոցում, խոսում կրթության կարևորության, երեխաների գիտակցության մեջ ազգային արժեքների, գաղափարախոսության ամրապնդման մասին: Հաջողություն ենք մաղթում մեկմեկու, դուրս եմ գալիս շենքից և հասկանում, որ միակ զգացումը, որն այդ պահին ունեմ, անզորությունն է և գլխումս ծագած բազում անպատասխան հարցերը: Չնայած սրան՝ կյանքը ինձ և այդ փողոցով, մայրաքաղաքով ու ամբողջ երկրով ինչ-որ տեղ շտապող մարդկանց համար, այո՛, շարունակվում է, մեր ֆիզիկական գոյությունը չի ընդհատվել տղերքի շնորհիվ: Բայց միայն ֆիզիկականը…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում