«Օրական 500 կգ խաղող եմ կորցնում»․ Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջև
ОбществоԱրմավիրի մարզի խաղողագործներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առաջ։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի կամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։
«Գագիկ Ծառուկյանի «Նոյ» մուլտի գրուպը ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից է և իր՝ խաղողը չընդունելը սոցիալական լարվածություն է առաջացնում։ Եթե կառավարությունն իր տեղում լիներ, իմանար իր անելիքները, պետք է պարզեր իր հարաբերությունները խոշորագույն մթերողների հետ վաղօրոք, որ չկանգնենք այս խնդրի առջև։ Խաղողն արդեն փչանում է։ Ես 30 տոննա խաղող ունեմ, որից օրական 500 կգ կորցնում եմ։ Մարդ էլ կա ավելի շատ է կորցնում։ Մենակ մի համայնքում այսօր վեց հազար տոննա խաղող կա։ Մենք գյուղացիներով ազգային անվտանգության խնդիր ենք լուծում՝ պարենային անվտանգության խնդիրը։ Կառավարությունն էլ հայտարարել է, որ խաղողագործությունը գյուղատնտեսության մեջ առաջատար ռազմավարական ճյուղ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Խաղողագործը նշեց, որ 2018 թվականին նույնպես այդ խնդիրի առջև էին կանգնած և ճանապարհ էին փակել։
«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը եկավ մարզ ու խոստացավ, որ հետայսու որևէ խնդիր չի առաջանալու»։