Ալիևը պատմել է, որ Շուշի քաղաքը օկուպացնելուց հետո Պուտինը զանգել է իրեն․ նոր մանրամասներ՝ պատերազմի ընթացքի մասին
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է 44-օրյա պատերազմի մանրամասները: Հարցազրույցում նա խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ընթացքում շփումների մասին:
«Բնականաբար, մենք կանոնավոր կապ ենք պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ավանդաբար, շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ սկսվել էին ռազմական գործողությունները: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար:
Ես առաջարկություններ ունեի: Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն մասամբ անդրադարձել է այդ իրադարձություններին իր հարցազրույցներից մեկում, ուստի ես չեմ ուզում շատ մանրամասնել: Բայց արդեն հայտնի է, որ այդ առաջարկներին աջակցել է նաև ռուսական կողմը, սակայն հայկական կողմը հրաժարվել է և, կարծում եմ, կատարել է ողբերգական, ճակատագրական սխալ: Որովհետեւ, եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որին աջակցում էր Ռուսաստանը, ապա պարտությունն իրենց համար այդքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, կենդանի կմնային։
Նրանք հույս ունեին, որ իրենց արևմտյան ընկերները կօգնեն Հայաստանին: Նրանք բացահայտ պահանջներ էին ներկայացնում Ռուսաստանին, թե ինչու ռուսական բանակը չի պայքարում իրենց համար: Չնայած Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համահունչ էր միջազգային իրավունքին, քանի որ ռազմական գործողություններն իրականացվում էին Ադրբեջանի տարածքում և ոչ թե ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչը նրանք իրենք պետք է շատ լավ իմանային:
Առավել զարմանալի էր Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հենց ՀԱՊԿ-ին, որը Փաշինյանը և նրա կամակատարները հնարավորինս վարկաբեկեցին` ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Ընդհանրապես, սա ակնառու փաստ է, համաշխարհային պրակտիկայում, կարծում եմ, դա տեղի չի ունեցել»,-պատմել է Ալիևը և հավելել, որ Շուշի քաղաքը օկուպացնելուց հետո Պուտինը զանգել է իրեն ու ասել, որ հայկական կողմը պատրաստ է կատարել պահանջները։
«Իհարկե, շատ հարցեր կային, որոնք համակարգման կարիք ունեին: Ամեն ինչ տեղի ունեցավ նման արտակարգ իրավիճակում: Պատկերացրեք, մեկ օրում համաձայնեք երկու պատերազմող երկրների միջև տեքստի վերաբերյալ, և, իհարկե, այս տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Այս համաձայնագիրը քննարկվեց մինչև ուշ գիշեր և ընդունվեց կեսգիշերից հետո: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, այդ իսկ պատճառով մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-նն էր»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Շարունակությունը՝ այստեղ