Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում շարունակվում են «աբսուրդի թատրոնի» աշնանային ներկայացումները կամ սրացումները: Սեպտեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց դիմելով խաղողը հանձնելու դժվարությունների հանդիպած գյուղացիներին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ եթե այլ լուծում չգտնեն, հնարավոր է, որ կառավարությունն ինքը մթերի խաղողը. «Եթե տեսնենք՝ ուրիշ տարբերակ չկա, էդպես պիտի անենք: Պետք է խնդրենք գործարաններից մեկին, որ մթերի: Դա կլինի մեր սպիրտը, կորոշենք՝ հետո ինչ անենք: Դա 1-2 օրվա հարց է»:
Սա, իհարկե, խաղողի մթերման հարցով աբսուրդի թատրոնի երկրորդ արարն է։ Առաջին արարը ավելի վաղ է եղել, երբ գյուղացիները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի կողմից խաղողը չընդունելու հարցով պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց սկզբից ասենք՝ շատ էլ ճիշտ էին անում, չէ՞ որ իրեն են ընտրել, այլ ոչ թե Գագիկ Ծառուկյանին։ Առաջներում էլ, այսինքն՝ «նախկինների թալանի» «հին ու բարի» տարիներին էլ են եղել նման խնդիրներ, բայց արի ու տես, որ արագորեն լուծվել են... Իհարկե, ոչ Քերոբյանի օստապբենդերական գաղափարներով, այսինքն՝ կառավարության կողմից «օղի թորելով»։
Ուղղակի այն ժամանակ գործարարները հարգում էին երկրի ղեկավարի խոսքը... Կրկնում եմ հատուկ բութերի համար՝ հարգում էին երկրի ղեկավարի խոսքը, հարգում, այլ ոչ թե վախենում կամ արհամարհում։ Աբսուրդ է, որ խաղողը հանձնելու հարցով գյուղացին դիմում է երկրի ղեկավարին, ի՞նչ է, նա չգիտի՞, բա մարզպետն ո՞ւմ կամ ինչի՞ համար է, հո մթերողը Նիկոլ Փաշինյանը չէ՞: Իհարկե, նա կարող է մոտ մի կես տոննա մթերել, այն էլ կառավարական առանձնատանը տնական օղի թորելու համար... Դե, կորոնավիրուսի դեմ ինչ-որ կերպ պետք է պայքարել՝ Ավանեսյանն է ասել։ Իսկ ինչ վերաբերում է մասնավորին խաղող մթերել պարտադրելուն, ապա դա անհնար է՝ որոշված է, որ Հայաստանը օրենքի երկիր է։ Սպառնալիքներով պարտադրելը ևս չի անցնի:
Ի՞նչ անի խեղճ գյուղացին։ Ասեմ՝ գյուղացին պետք է որ իմանար՝ ճտերը աշնանն են հաշվում։ Իսկ աշունը, ինչպես ամեն տարի, եկել է ըստ ժամանակացույցի։ Վերջում մի քանի խորհուրդ Քերոբյանին. աշխատիր խաղողը ընդունելուց հետո ամենաուշը մի քանի օրվա մեջ մշակել, թե չէ հինգ տոկոս կորուստ կտաս, օղին թորելիս տակը չկպցնես՝ ահավոր հոտ է կպչում, ոնց որ Սամվել Ալեքսանյանի փակած օղին լինի, թորելիս առաջին մի քանի բաժակը կթափես՝ ժլատություն չանես, դա եթերայուղերն են։ Հա, վերջինն էլ. խմելիս աշխատիր շատ սառը չլինի, թե չէ կմրսես ու Անահիտ Ավանեսյանի ձեռքը կընկնես, իսկ նա, ինչպես հայտնի է, ոչ թե բժիշկ է, այլ իրավաբան։ Խորհուրդներս վարչապետին էլ չեն խանգարի... Չնայած նրա՝ կես տոննայից քաշածի քանակն ուր, Քերոբյանի հազարավոր տոննաների քանակն ուր...Իսկ մենք անհամբեր կսպասենք «աբսուրդի թատրոնի» այլ ներկայացումների...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում