Մեղավոր են բոլորը, «անմեղ» է մեկը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանի՝ Արցախի դեմ նախաձեռնած ագրեսիվ պատերազմի սկզբից արդեն անցել է մեկ տարի: Դեռևս բազում հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայտարարում էինք, թե հաղթում ենք, բայց վերջում անսպասելիորեն պարզվեց, որ խայտառակ պարտություն ենք կրել։ Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե վերջապես ի՞նչն էր մեր պարտության պատճառը։ Գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում նաև մեկ այլ հարց, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում որևէ մեղավոր չպատժվեց։
Ըստ երևույթին, այդ հարցը ամենաշատն է սկսել անհանգստացնել իշխանություններին, ու նրանք հիմա փորձում են ինչ-որ «պրոդուկտ» տալ: Մասնավորաբար մեծ աղմուկ բարձրացրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան խուզարկությունը, ձերբակալությունը, ապա և կալանավորումը։ Ներկայիս իշխանությունների ոճին ծանոթ լինելով՝ կարելի է անգամ կանխատեսել, որ Տոնոյանին ինչ-որ մի պահի կարող են բաց թողնել՝ խնդիրը համարելով լուծված։ Իհարկե, մի կողմից՝ ցանկացած մեղավոր պետք է անպայման պատասխան տա, մյուս կողմից՝ կարևոր է հարգել յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, սակայն այս գործը որոշակի հարցադրումների տեղիք է տալիս։
Ուշագրավ է, որ այս գործի ակունքները գնում են մինչև 2011 թ., երբ մատակարարող կազմակերպության մատակարարած զինամթերքի խմբաքանակի մեծ մասը չի ընդունվել ՊՆ-ի և գլխավոր շտաբի մասնագետների կողմից, իսկ հետագայում՝ 2018 թվականին՝ արդեն գործող իշխանությունների օրոք, ոչ պիտանի զինամթերքն ընդունվել է, ընդ որում, ըստ Սեյրան Օհանյանի, շատ ավելի բարձր գներով։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Եվ խոսքը մոտավորապես 2 մլրդ դրամից ավելի գումարի մասին է։ Այստեղ իսկապես մի քանի կարևոր հարց կա. նման խոշոր գործարքը պաշտպանության նախարարը կարո՞ղ էր իրականացնել առանց «գերագույն գլխավոր հրամանատարի» իմացության ու համաձայնության։
Առավել ևս, հիշենք, որ երբ Դավիթ Տոնոյանը հնչեցնում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի թեզը, երկրի վարչապետը մեկնաբանում էր, թե պաշտպանության նախարարն առանց իր համաձայնության նման հայտարարություն անել չէր կարող։ Իսկ ահռելի ծավալի ռազմամթերքի գործարք կնքել կարո՞ղ էր: Մյուս կողմից՝ հիշենք, որ երբ ՍՈւ 30ՍՄ-ները գնվում էին, դա կատարվում էր Փաշինյանի գիտությամբ, ավելին՝ նա կործանիչների մասնակցությամբ տեսանյութեր էր տարածում և ընդգծում, թե իբր 80-ական թվականների զենքերի թեման փակված է։
Բայց երբ խոսքը գնում է անորակ զենքի խոշոր խմբաքանակի ձեռքբերման մասին, Փաշինյանն ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Պատերազմի ժամանակ էլ Փաշինյանն իր վրա էր վերցրել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի գործառույթներն ու զորակոչվողներին հրահանգներ էր տալիս, թե ինչ պետք է անել, ինչպես կամավորական ջոկատներ կազմել, պատերազմի թեժ պահին ուղիղ եթերում զանգահարում էր դիրքեր, փորձում էր տեղեկություններ ճշտել և այլն։
Իսկ երբ ընթանում էր «Լելե Թեփե» անունով հայտնի ռազմական օպերացիան, Փաշինյանը հայտարարում էր, թե գեներալների պլանն աշխատեց, և փորձում էր ազդարարել, որ իրենց նույնիսկ հաջողվում է հետ բերել նախորդ իշխանությունների օրոք կորսված համանուն բարձունքը։ Իսկ երբ ռազմադաշտում Փաշինյանը պարտություն է կրում, շտապում է «հուզվել», թե մարտերում ձախողման պատասխանատվությունը ուղիղ դնում են իր վրա. «վարչապետը մա՞րտ է ղեկավարում»:
Տավուշյան դեպքերին շատ է անդրադարձ եղել, նորից չանդրադառնանք, թեպետ նշյալ շղթայի շատ տիպիկ մի օղակն է այն: Մի խոսքով, ստացվում է, որ եթե հաջողություններ կան կամ գոնե դրանց իմիտացիա է ցուցադրվում, ապա դրանք Փաշինյանի շնորհիվ են, իսկ երբ հենց Փաշինյանի ու իր թիմի պատճառով պարտության փաստի առաջ ենք կանգնում, Փաշինյանը սկսում է փախչել պատասխանատվությունից, ու սկսվում է մեղավորների փնտրտուքը։
Մեղավոր են նախկինները, գեներալները, բանակը, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից ու պատասխանատուից, այսինքն՝ իրենից։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս այս կոնտեքստում մի շարք նոր շոուների ականատես կլինենք, գուցե նաև այլոց մեղավորության չհաստատման ճանապարհով սեփական մեղավորության ու պատասխանատվության «ջրման» ուղղությամբ։ Ի դեպ, հռետորական հարց՝ որպես հետգրություն. հետաքրքիր է՝ անորակ զենքի հետ կապված իրավապահնե՞րն էլ ժամանակին ոչնչից տեղյակ չէին...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում