Խոշորացումից հետո բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ ավելի շատ գումար է ծախսվել. Տերտերյան
ЭкономикаՀայաստանում համայնքների խոշորացման արդյունքում բնակավայրերի վրա ընդհանուր առմամբ ավելի շատ գումար է ծախսվել, քան խոշորացումից առաջ:
Այս մասին ասաց ՀՀ տարածքային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ հանձնաժողովում ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Գոնե մեզ հայտնի չեն դեպքեր, որ խոշորացման արդյունքում որևէ բնակավայրի վրա՝ թեկուզ փոքր, թեկուզ բարձր լեռնային, քիչ բնակչությամբ, ավելի քիչ ռեսուրս ծախսվի, քան խոշորացումից առաջ: Այսինքն՝ բոլոր բնակավայրերի վրա ավելի շատ գումար է հավաքական ծախսվել, քան խոշորացումից առաջ»,- ասաց Տերտերյանը:
Նախագիծը ներկայացնելիս Տերտերյանը հիշեցրեց, որ 2016-ի դոտացիաների բաշխումն ընդունվել է որպես բազա, որ 2017-ին, 2018-ին, 2019-ին որևէ համայնք ավելի քիչ դոտացիա չստանա, քան ստացել էր 2016-ին, որպեսզի ծառայությունների կրճատման հիմնավոր փաստարկ չունենա: «Եվ ամեն տարի դոտացիոն ֆոնդն ավելացել է: Ավելացված մասը մենք բաշխում էինք ֆինանսական համահարթեցման օրենքի տրամաբանությամբ: Այս անգամ էլ ենք նույն փոփոխությունն անում»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ կիրարկման առումով ժամկետը երկարացնում են մինչև 2024 թվականը: