Այծերի ժողովը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Երկրի գլխավոր հեռուստակայանի մոտ իսկական խառնաշփոթ էր. մի խումբ այծեր հանգիստ ու անվրդով մկկալով անցան հսկիչների կողքով` ներկայացնելով ինչ-որ փաստաթղթեր, որոնցից պարզ դարձավ, որ դրանք սովորական այծեր չեն, այլ հատուկ հրավիրվել են հեռուստաժողովին մասնակցելու համար: Բացելով ժողովը` Գլխավոր այծը ներկայացրեց քննարկման դրված հիմնական հարցը` «Ի՞նչ հարաբերություն կա ալկոհոլի, գրականության և այծերի միջև»: Նա նաև զգուշացրեց, որ չի կարելի կմկմալ կամ մկկալ էկրանի առաջ, քանի որ իրենք հեղափոխություն են արել, հաղթել են և տիրացել Մարդկանց Երկրին: Այսուհետև միայն այծերն են խոսելու էկրաններից, կամ էլ այն մարդիկ, ովքեր տեղեկանք կներկայացնեն, որ իրենք ևս այծեր են:
Ստեղծագործող այծերի առջև երկրի նոր ղեկավարութունը խնդիր էր դրել` ստեղծել այծերի գրականություն՝ իբրև «ժամանակակից պրոդուկտ»: Պրոդո՞ւկտ, թե՞ պոեզիա` հետաքրքրվեց այծերից մեկը: Գլխավոր այծը, որ բոլոր հարցերի պատասխանն ուներ, հստակ ու բարձրաձայն հայտարարեց` իրենք նախապատվությունը տալու են այլ երկրներում գործածվող բառերին, ուրեմն` «պրոդուկտ», իսկ եթե դեռ չեք կարող հրաժարվել մարդկանց բառերից, ուրեմն գոնե սովորեք ասել այսպես` «բանաստեղծական պրոդուկտ»:
-Ես միշտ էլ դեմ եմ եղել մարդկանց մշակույթին` այդ անհեթեթ հայրենասիրական խզբզոցներին,- խոսեց այծերից մեկը,- հայրենասիրություն և «բանաստեղծական պրոդուկտ»` իմ կարծիքով անհամատեղելի բաներ են:
«Հայրենիք», «ազգային պատմություն» հասկացողությունները կեղծ են և չեն կարող համարվել «գրական պրոդուկտ»:
Մոդեռնիստ այծերն իրենց դատապարտվածությունն ու ըմբոստությունն ի հայտ են բերել հարբեցողությամբ, թմրանյութ օգտագործելով: Հեղափոխական ու ըմբոստ այծերը` մեր նախնիները, այլ ելք չունեին, քան հարբելը: Բայց եթե ձեզ, հարգելի այծեր, հետաքրքրում է իմ ստեղծագործական փորձը, ապա պիտի ասեմ, որ ես սկսել եմ գրել ձմերուկի, պոմիդորի, տոմատի, սուրճի մասին: Կյանքը բաղկացած է այդպիսի փոքրիկ հաճույքներից, և պարտադիր չէ, որ դու ձոներ նվիրես հայրենիքիդ, որ համարվի լավ «գրական պրոդուկտ», դու կարող ես տոմատին բանաստեղծություն ձոնել, և դա ինքնին մեզ` այծերիս համար կարևոր փորձառություն է: Ես գրական «պրոդուկտի» բարձր ընկալումն իջեցնում եմ ամենացածր մակարդակի:
Հը՞, ի՞նչ կասես, Լոլոզ: Այծը, ում տրվեց այդ «Լոլոզ» միանգամայն հասկանալի ու նրան չափազանց հարմար պատվանունը, ընկերաբար հանդիմանեց.
–Մեր հեռուստազրույցն ինչ-որ չի ստացվում, Անտաշ ընկեր, առաջարկում եմ վերադառնալ մեր հաղորդման բուն թեմային` արդյո՞ք խմիչքների փոփոխությունը փոխում է նաև մեր «բանաստեղծական պրոդուկտի» բովանդակությունը:
Այստեղ հաղորդավարը չդիմացավ. -Կներեք, հարգելի այծեր, այս ստուդիայից դուրս նայեք, ձեր ժողովուրդը լացում է, հազար ու մի կարիքի մեջ է, պատերազմ է եղել, երկիր ենք կորցրել, թշնամին մեր երկրի սահմաններից ներս է մտել, դուք այս ինչի՞ մասին եք խոսում: Այծերը կարկամեցին` այդպիսի կոշտ միջամտության չէին սպասում և պատրաստ էլ չէին:
Դրությունը փրկեց Գլխավոր այծը.
-Կներեք, դա արդեն ազգայնականություն է, եթե մեր կառուցողական հարևանը մեր սահմանից ներս է մտել, ուրեմն, դա անհրաժեշտ է: Եվ ապա` սա մեր երկիրը չէ, սա մեր հողը չէ` այդ մենք էինք զավթել հարևանի տունը: Նա մեր հարևանն է, իսկ մեր թշնամին Արեսն է` ռազմի աստվածը, ում դեմ պայքարի կոչ եմ անում, և մեր գաղափարախոսությունն էլ առաջարկում եմ հռչակել այսպես` Անտի Արես: Ժողովն ավարտվեց, այծերը դուրս եկան ստուդիայից, հրաժեշտ տվեցին հսկիչներին, որոնք էլ պատասխանի փոխարեն ինչ-որ բան մկկացին...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում