«Տերը, կյանքը վտանգելով, գնացել է հակառակորդի դիրքեր՝ գողացված ձիուն բերելու». ադրբեջանցիները ծաղրում են մեզ
ОбществоՀոկտեմբերի 8-ին ադրբեջանցիները իրենց դիրքեր էին քշել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակիչ Հրաչ Աբրահամյանի ձին:
Ձին շարունակում է դեռ մնալ ադրբեջանցիների մոտ. այն չեն վերադարձրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչը.
«Առ այսօր ձիս ադրբեջանցիների մոտ է: Բոլորին դիմել եմ՝ մեր զինվորականներին, համայնքապետին, խաղաղապահներին, բայց ոչ ոք այդ հարցով չի զբաղվում: Կենդանուն, պարբերաբար, տեսնում եմ. բերում, կապում են մեր և իրենց սահմանին, տեսնում եմ նաև, թե ինչպես են նստում վրան՝ դիրքերից դիրք գնում»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք գյուղում շատ են եղել դեպքեր, երբ ադրբեջանցիները փորձել են ձիեր գողանալ, մեր զրուցակիցն ասաց՝ շատ հաճախ: Նա պատմեց, որ, անգամ, գողացված ձիու տերն է ինքնակամ գնացել ադրբեջանական դիրքեր՝ կենդանուն վերադարձնելու. «Շատ են եղել դեպքեր, երբ մեր ձիերը փորձել են գողանալ: Եղել է անգամ, որ մեր կողքի դիրքերից մեկից գյուղացու ձին գողացել են և 1 ամիս պահել իրենց մոտ, այն կշարունակեր մնալ այնտեղ, եթե մի օր տերը ինքնակամ, կյանքը վտանգելով, չգնար ադրբեջանցիների դիրքեր՝ կենդանուն բերելու»,- պատմեց Հրաչ Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքն էլ համագյուղացու պես կվարվեր, միայն թե այստեղ պատկերը մի փոքր այլ է. ադրբեջանցիների դիրքերը հեռու են. «Պետք է սահմանը առնվազն 500-600 մետր հատեմ, որ կարողանամ հասնել կենդանուն»,- նշեց Խնածախի բնակիչը:
Նա նաև շեշտեց, որ ադրբեջանցի զինվորները իրենց շատ վատ են դրսևորում. «Ծաղրում են մեզ, քարեր են գցում մեր դիրքերի ուղղությամբ. միշտ էլ իրենց նման կերպ են պահել»,- եզրափակեց Հրաչ Աբրահամյանը:
Զվարթ Պետրոսյան