Երախտապարտ ենք փրկարարներին՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած աշխատանքի համար
ОбществоԱրցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Արցախի փրկարարներին մասնագիտական օրվա առթիվ՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը։
Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ փրկարարներ,
Սրտանց շնորհավորում եմ Փրկարար ծառայողի մասնագիտական օրվա առթիվ։
Դուք Արցախի Հանրապետության ուժային համակարգի այն մասնագիտացված կառույցի ծառայողներն եք, որոնց գործունեության հիմնական սկզբունքներից են՝ մարդկանց կյանքի և գույքի փրկությունը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման և ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման ուղղությամբ աշխատանքները:
Այս ծանր, բայց և պատվաբեր առաքելությունն իրականացնում եք պատշաճ պատասխանատվությամբ։ Ի դեմս ձեր անձնակազմի, Արցախի Հանրապետությունն ունի հուսալիորեն գործող կառույց, որն իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, բառի բուն իմաստով, դրսևորում է անձնազոհ կեցվածք։
Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկարարների աշխատանքներն ունեն առանձնակի կարևորություն և իրականացվում են բարձր արդյունավետությամբ, որի համար երախտապարտ ենք ձեզ։
Թանկագի՛ն գործընկերներ,
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն ու հաջողություններ թե՛ անձնական կյանքում, և թե՛ աշխատանքի ընթացքում»։