Հավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում չպետք է լինեն պաշտոնյաներ. Դումանյան
ОбществоՀավատարիմ ենք մնացել քաղաքական որոշմանը, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ:
Դիտարկմանը, թե անընդհատ խոսում են, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, սակայն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել, Դումանյանն արձագանքեց՝ մի քանի բուհերի՝ մասնավորապես՝ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, սակայն չպետք է զարմանալ:
«Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»,– ասաց նա:
Հարցին՝ ինչու են հենց Սուրեն Պապիկյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դարձել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ, Դումանյանը պատասխանեց՝ այդպես են հարմար գտել: Դիտարկմանը՝ Սուրեն Պապիկյանն ի՞նչ կարող է անել ԵՊՀ-ում, կրթության, գիտության ոլորտում, Դումանյանն արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Նման հարց ձևակերպելը, կարծում եմ, տեղին չէ, երբ անձնավորված ասում եք՝ ինչ կարող է անել»,-ասաց նա: