Աստղադիտարանի անունն ավելի շատ լսում ենք տուրիստական գործակալությունների առաջարկած երթուղիներում․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Տասնամյակներ շարունակ Հայաստանն աշխարհին ներկայանում է մի քանի «բրենդով»՝ Արամ Խաչատրյան, Մատենադարան, հայկական կոնյակ։ Ժամանակներ կային, որ այս արժեքների կողքին հպարտորեն նշում էինք նաև Բյուրականի աստղադիտարանը։ Տասնամյակներ շարունակ Արամ Խաչատրյանը խորհրդանշել է հայերի մշակութային ուժը։ Այսօր էլ մեծն մաեստրոյի անունն ու արվեստը հանրահռչակվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Մատենադարանի միջոցով աշխարհը Հայաստանը ճանաչում է որպես հինավուրց հարուստ պատմություն ունեցող երկիր։ Գիտամշակութային այս օջախը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում, այսօր էլ շարունակում է մնալ ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը։
ARARAT հայկական կոնյակը վկայում է մեր երկրում խաղողագործության դարավոր ավանդույթների մասին։ Հայաստանը հայտնի դարձրած այս ըմպելիքի զարգացման ավանդույթներն այժմ էլ պահպանվում են։ Նշված երեք ոլորտներում էլ եղել են ու կան նվիրյալ մարդիկ, որոնք, գիտակցելով ազգային արժեքների պահպանման և այդ արժեքներն աշխարհին ներկայացնելու կարևորությունը, իրենց աշխատանքով բարձրացնում են մեր երկրի, մեր ազգի հեղինակությունը։ 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված Բյուրականի աստղադիտարանը հիմնադրի ու նրա աշակերտների անխոնջ աշխատանքի շնորհիվ դարձավ ոչ միայն տարածաշրջանային առաջատար գիտահետազոտական կենտրոն, այլև ազգային արժեք։
Տասնամյակներ շարունակ այստեղ իրականացվող գիտական ուսումնասիրությունները, ձեռքբերումներն ու նորարարությունները Հայաստանն աշխարհի քարտեզի վրա տեղորոշեցին որպես աստղաֆիզիկայի կարևորագույն կետ։ Վիկտոր Համբարձումյանի դպրոցն ու ստեղծված գիտական ավանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, լավագույններից էին, որոնք թելադրող դիրք ունեին համաշխարհային աստղագիտության բնագավառում։ Այսօր էլ Համբարձումյանի դպրոցի սաները շարունակում են կարևոր դերակատարություն ունենալ աստղաֆիզիկայի ոլորտում՝ գործունեություն ծավալելով արդեն ՀՀ սահմաններից դուրս։ Իսկ որտե՞ղ է գտնվում մեր աստղադիտարանը ժամանակակից աստղաֆիզիկայի քարտեզում։ Վերջին տարիներին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից, ինչպես ասում են, անունն է մնացել, այն էլ՝ առանց նախկին փառքի։
Այդ անունն էլ ավելի շատ լսում ու տեսնում ենք տուրիստական գործակալությունների առաջարկած երթուղիներում։ Ուշագրավ է, որ այս իրավիճակը չեն թաքցնում անգամ աստղադիտարանում, որի պաշտոնական կայքի «Ձեռքբերումներ» բաժնում որպես վերջին ձեռքբերման տարեթիվ արձանագրված է 1999 թվականը։ Բյուրականի աստղադիտարանի անունն այլևս լսելի չէ միջազգային գիտական հարթակներում, փոխարենը տեղական մամուլում ավելի շատ արծարծվում են այս կենտրոնում առկա ինչ-ինչ խնդիրների, ներքին խարդավանքների, խախտումների վերաբերյալ քրեական գործերի, նախկին աշխատակիցների բողոքների, այստեղ իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումների մասին թեմաներ։ Աստղադիտարանը վստահաբար ունի այն ներուժը, որպեսզի նրա շնորհիվ համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր տեղն ամրապնդենք։
Պարզապես պետք է կարողանանք մեր իրականությունից վանել Հայաստանը «քոսոտ» երկիր է մտայնությունն ու այդ մտայնությունը տարածող մարդկանց։ Հայաստանի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ են գլոբալ մտածող, մեծ ամբիցիաներ ունեցող նվիրյալներ՝ Թաիրով եղբայրներ, Արամ Խաչատրյաններ, Վիկտոր Համբարձումյաններ, ու այդ նվիրյալներին առաջ մղելու քաղաքական կամք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում