Թատրոն, ուր սերունդների ժառանգորդական շղթան ընդհատված չէ. կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
1931 թ. հունվարի 28-ին Յանովսկու «Ցասումը» ներկայացմամբ բացվեց Ղարաքիլիսայի, հետագայում՝ Կիրովականի, ապա՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը՝ բեմադրիչ Աշոտ Մաթևոսյանի (Աշ-Մաթ) բեմադրությամբ։
«Հովհաննես Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնը 90-ամյա կենսագրության մեջ, խոշոր հաշվով, պարապ ժամանակաշրջան չի ունեցել: Անգամ 1988 թ.- ին՝ դեկտեմբերյան աղետից հետո, երբ թվում էր՝ կյանքը կանգ է առել, թատրոնը շարունակել է իր թերապևտիկ առաքելությունը: Այդպես է և այսօր՝ կորոնամղձավանջ, 44-օրյա պատերազմ, թևաթափվող, հաճախ իր անելիքը չիմացող հանրություն: Թատրոնի, ընդհանրապես՝ մշակույթի առաքելությունը, մարդուն մերօրյա իրականությունից չկտրելով, այլ՝ գեղարվեստի իրականություն տեղափոխելն է և բուժելը։ Հաճախ ինձ հարցնում են, թե ինչ է հարկավոր մերօրյա հանդիսատեսին: Թող ներեն ինձ իմ ընկերները և ոչ ընկերները, պարզունակ եմ համարում պատասխանները, թե անհրաժեշտ է ընդամենը լիցքաթափվել:
Այո, մարդն այսօր իսկապես կարիք ունի ծիծաղելու, բայց և նույն այդ մարդը մանկուրտ չդառնալու պարտավորություն ունի՝ ժամանակային եռամիասնությունը և մեր աննորմալ ժամանակների բոլոր մարտահրավերները հաշվի առնելով նաև: Կորոնաժամանակների հարկադիր դադարը, կարծեք թե, հաղթահարեցինք՝ նախ օնլայն ձևաչափի անցնելով, որի արդյունքում թատրոններն անկասկած շատ բան կորցրեցին, ապա անցանք բացօթյա ներկայացման ձևաչափին՝ ծնունդ տալով հետաքրքիր մեկնաբանությունների: Պատերազմի՝ մեր մեջ կաղկանձող ցավը երկար ժամանակ չի լռելու կամ չի լռելու ընդհանրապես: 44-օրյայից հետո գեղարվեստի լեզվով խոսելը սարսափելի դժվար էր: Նաև դա էր պատճառներից մեկը, որ պատմության քառուղիներում փնտրվեց վաղվա օրը, որն էլ ծնունդ տվեց մեր «Երկիր հայրենիին»:
Այս ամենով հանդերձ՝ պետք է նշեմ, որ աբել յանցիների անցած բարդ ու դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհի վկայություններից մեկը ներկայիս խաղացանկն է, որը հարուստ է հայ և համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։
Ընդգծում է՝ թատրոնն այն քչերից է, որտեղ սերունդների ժառանգորդական շղթան ընդհատված չէ. կողք կողքի ստեղծագործում է երեք սերունդ։
«Սա շատ կարևոր իրողություն է, որովհետև երիտասարդներն ունեն ավագներից սովորելու հնարավորություն, իսկ ավագները՝ իրենց թե՛ մասնագիտական փորձը, թե՛ կենսափորձն ու իմաստնությունը սիրով ու հոգատարությամբ փոխանցելու առաքելություն։ Թատրոնի ներկայիս թատերախումբը՝ երեք սերնդի համաժամանակյա շնչառությամբ, բեմական հարուստ կենսագրության և ստեղծագործական նվաճումների շնորհիվ (ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյան, Ռոզա Մխիթարյան, վաստակավոր արտիստներ Հայկ Թորոսյան, Վրույր Հարությունյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյան, Սոֆիա Սողոմոնյան, միջին և երիտասարդ սերնդի դերասաններ Ալլա Դարբինյան, Արմինե Վերմիշյան, Էդգար Քոչարյան, Էլֆիկ Զոհրաբյան) նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբել յանցիների տարեգրությունը: Իրավամբ, 90-ամյա երիտասարդացող թատրոնը կարող է հպարտանալ անցյալի իր ձեռքբերումներով, ներկայով, իր հավատարիմ հանդիսատեսով և գլուխը բարձր քայլել դեպի հարյուրամյա հեռուն, դեպի մշակութային նոր նվաճումներ խաղաղ հայրենիքում»,-նշում է մեր զրուցակիցը։
Հավելում է՝ այս տարի նշել են թատրոնի հիմնադրման 90-ամյա հոբել յանը։ «Ունեցանք հոբել յանական միամսյակ, որի շրջանակում հանրության դատին հանձնվեց միանգամից երկու պրեմիերա՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ, և Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը՝ Նունե Խեչումյանի մեկնաբանությամբ։Դեմիրճյանի պիեսի շահվերդյանական մեկնաբանությունը, կարծում եմ, պետք է դիտի յուրաքանչյուր հայ մարդ։ Սա ներկայացում է հայի մասին ընդհանրապես, հայի կորսված ու գտնելիք արժեքների մասին մասնավորապես, սա ներկայացում է, որտեղ ևս մեկ անգամ հաստատվում է մի անբեկանելի ճշմարտություն, թե հայրենադավությունը երբևիցե չի ներվում: Սա ներկայացում է, որտեղ ժամանակային եռամիասնության փոխներթափանցումներ կան, իսկ գեղարվեստական տարածքը Հայաստան աշխարհն է՝ ամենօրյա փորձությունների միջով աստվածավայել մենությամբ և քրիստոնյա խոնարհությամբ անցնող Երկիրը հայրենի»,- ասում է թատրոնի տնօրենը:
Փաստ է այն, որ չճահճանալու համար անհրաժեշտ է համագործակցություն մարզային և մայրաքաղաքային թատրոնների հետ: Սահակյանը նշում է՝ համագործակցությունն այս առումով իսկապես անհրաժեշտություն է, եթե չասենք երկրորդ շնչառություն։ «Փորձում ենք հնարավոր չափով համագործակցել թե՛ մարզային և թե՛ երևանյան գործընկերների հետ, հիմնականում այդ համագործակցությունը դրսևորվում է հյուրախաղերի տեսքով։ Հոկտեմբերին՝ հոբել յանական՝ հասկանալի պատճառներով համեստ միամսյակի շրջանակում (թատերաշրջանը բացել ենք սեպտեմբերի 22-ին), երկու ներկայացումով հյուրընկալվել ենք Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական ռուսական թատրոնում, արժանացել երևանյան հանդիսատեսի ջերմ արձագանքին: Առաջիկայում հյուրախաղերով կլինենք նաև այլ քաղաքներում։ Իհարկե, ունենք նաև հրավիրված բեմանկարիչներ, դերասաններ, ինչը նույնպես համագործակցության և փորձի փոխանակման լավ օրինակ է։ Դեռևս 2019 թ.-ից խնդրադրել էինք նաև հրավիրել ռեժիսորներ մայրաքաղաքից: Դժոխային 2020 թ.-ը բազմաթիվ կանխատեսումներ և ենթադրություններ, չասեմ՝ հօդս ցնդեցրեց, բայց վստահաբար հետաձգեց անորոշ ժամկետով»,- հավելում է մեր զրուցակիցը:
Իսկ զրույցի վերջում՝ խնդիրների մասին: «Թատրոնի առջև ծառացած մարտահրավերները գլոբալ առումով բազմաթիվ են: Աշխարհն այլևս առաջվանը չէ, հանդիսատեսի պահանջմունքները նույնպես փոխվել են, և պետք է այնքան ճկուն լինենք, որ կարողանանք ժամանակի՝ սարսափելի արագությամբ փոփոխվող պահանջների մեջ գոնե դույզն-ինչ պահպանել ու ներկայացնել այն արժեհամակարգը, որի կրողն ենք ու ժառանգորդը: Այս ամենին զուգահեռ՝ անխուսափելի փոփոխություններ պետք է որդեգրենք, և որպես սերունդների հիմնական հակասություն՝ նկատի ունենանք յուրաքանչյուր նորի՝ դժվարությամբ ընդունվելու և ընկալվելու գործոնը։ Իսկ Աբել յանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ արդեն մասնավոր խնդիրը վերանորոգումն է: Հուսով եմ՝ մոտ ապագայում հայտնելու լավ նորություններ կունենանք»,-եզրափակում է Լուսինե Սահակյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում