«Կյանքի վերադառնալու խթանն արվեստն է». բեմադրություն՝ նվիրված հայտնի հայ կանանց. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թ.-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: «Կազմում հինգ կանայք ենք, սա դարձավ մի հարթակ, որտեղ կարողացանք կայանալ որպես երգչուհիներ, մասնագետներ: Արդեն մի քանի տարի է՝ միասին երգում ենք»,- «Փաստի» հետ զրույցում ասում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, որը նաև «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի համահիմնադիրն է: Հետաքրքրվում ենք՝ անսամբլի ձևավորման ամենասկզբում կայի՞ն մտավախություններ, անհանգստություն՝ իսկ եթե ինչ-որ բան չստացվի՞, ի վերջո, մեր օրերում երգչախմբային արվեստն, ավաղ, կարծես, երկրորդ պլան է մղվել:
«Մտահոգություններ, անշուշտ կային: Բայց մեր առջև դրված հիմնական խնդիրներից մեկն էր տարածել հայ դասական երաժշտությունը, չէինք կարող ակնկալել, որ ֆինանսական մեծ միջոցներ կարող ենք վաստակել, սա նաև այնպիսի երաժշտություն չէ, որ բոլորին է հասանելի ու ընկալելի: Մտավախություններ կային, որ գուցե չկարողանանք մեզ արժանի տեղ գրավել, սակայն հանուն այն գաղափարների, որոնց շուրջ ստեղծվել էր անսամբլը, որոշեցինք այդ ռիսկին գնալ: Ռիսկերից մեկը նաև երգչուհիներ գտնելն էր, որոնք կկարողանային քիչ գումարի դիմաց, իսկ սկզբում՝ նաև գումարի բացակայության պայմաններում միանալ գաղափարին, երգել և տարածել որակյալ երաժշտությունը: Որոշեցինք, որ այս երաժշտությունը պետք է ոչ միայն բեմերից հնչի, այլ նաև հնարավոր ու անհնար բոլոր վայրերում: Ֆլեշմոբեր էինք կազմակերպում, երգում մետրոյի կայարաններում, հանրային տրանսպորտում, առիթ ենք ունեցել ինքնաթիռում երգելու»,-նշում է մեր զրուցակիցը:
Ասում է՝ անսամբլի ձևավորման հետ սկզբից հասցրել են մասնակցել տեղական ու միջազգային փառատոնների: «Հետո արդեն սկսեցինք մեր երաժշտությունը ծառայեցնել սոցիալական ինչ-որ խնդիրներ լուծելուն, ինչպես նաև արձագանքել մեր հասարակության մեջ տեղ գտած արատներին: Վերջին մեր նախաձեռնություններից մեկն այն էր, որ երգերը սկսեցինք թարգմանել ժեստերի լեզվով: Փոքրիկ միջոցներ էինք հայթայթում, որ կարողանանք առաջացող ֆինանսական խնդիրները լուծել, օրինակ՝ ժեստերի լեզվի մասնագետ վարձել և այլն: Դիմել ենք նաև ԿԳ նախարարությանը, ստացել փոքրիկ աջակցություն: Մեր ջանասիրության ու այս գաղափարին նվիրման արդյունքում կարողացանք այս ծրագիրը կյանքի կոչել:
Շատ կցանկանայի, որ մեր այս ծրագիրը շարունակական լիներ, կարողանայինք ֆոնդեր հայթայթել, գուցե գտնվեին մարդիկ, որոնք ֆինանսապես մեզ կօժանդակեին: Նախարարությունը ևս կարող է նման նախագծերի աջակցել: Տարածաշրջանում ինքներս չենք կարողացել գտնել վոկալ խմբերի, որոնք ժեստերի լեզվով թարգմանված նման մեծ ծրագիր ունեն: Նաև ժեստերի լեզվով Կոմիտասի ստեղծագործությունները թարգմանեցինք, սա նման առաջին փորձն էր: Ժեստերի լեզվով ներկայացնում ենք նաև մեր մյուս դասականներին՝ Էդգար Հովհաննիսյան, Կարո Զաքարյան, Թաթուլ Ալթունյան և այլոց: Կան կատարումներ, որոնք ուղեկցվում են նվագակցությամբ, երաժշտական գործիքներն ինքներս ենք նվագում՝ կլարնետ, դափ, կախոն և այլն: Ասեմ ավելին, եթե չենք տիրապետում ինչ-որ գործիքի, ապա, հանուն անսամբլի, գնում ենք և վերապատրաստվում: Երբեք չէի մտածի, որ դափ կնվագեմ, միայն անսամբլի ձևավորումից հետո եմ դափի մասին մտածել: Անսամբլի շրջանակում ոչ միայն օգտագործում ենք մեր արդեն ունեցած երաժշտական հմտությունները, այլ սա նոր խթան է, որ ամեն օր էլ ավելին անենք, ավելի հմտանանք»,-ընդգծում է Մուղդուսյանը:
Տեղեկացնում է՝ 2020 թ.-ին կյանքի կոչեցին «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որտեղ անդրադարձան կանանց իրավունքների պաշտպանությանը, իրենց ձայնը բարձրացրեցին բռնության դեմ: «Ցավոք, այս պատճառով սոցցանցերում թիրախավորվեցինք: Երբ խոսում ես կնոջ իրավունքների պաշտպանության օգտին կամ ընտանիքում տիրող բռնության դեպքերի մասին, տպավորություն է ստեղծվում, որ դեմ ես ընտանիքի ավանդական մոդելին: Բայց այդպես չէ, ընդհանրապես դեմ ենք ցանկացած տեսակի բռնությանը»,-նշում է մեր զրուցակիցը:
Անդրադարձանք նաև ապագայի ծրագրերին: «Հեղինակային նոր երգ ենք գրել, շուտով կհրապարակվի նաև հոլովակը, որտեղ կանայք կպատմեն, թե ինչ կարծրատիպերի են հանդիպել իրենց կյանքում և ինչպես են փորձել դրանք հաղթահարել: Հաջորդիվ՝ ներկայացում ենք բեմադրել 20-րդ դարի հայ հայտնի կանանց մասին: Հինգ կին է ընտրված՝ գրող Զապել Եսայան, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյան, Կատարինե Զալ յան-Մանուկյան, Վարվառա Սահակյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան: Վերջիններս Առաջին հանրապետության կին պատգամավորներն են: Նրանց գործունեության շուրջ ճանաչողական ներկայացում ենք բեմադրել: Պիեսը գրել է Սամվել Խալաթյանը, ներկայանալու ենք երաժշտական համարներով:
Այս ծրագրի շրջանակում լինելու ենք մարզերում և փորձելու ենք ճանաչելի դարձնել այս կանանց գործունեությունը: Ծրագիրը կյանքի է կոչվում «Օքսիջեն» հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: 2021 թ.-ը նախաձեռնություններով լի տարի էր: Այն, կարծես թե, արձագանքն էր 2020 թ.-ի անկումային տրամադրությունների, և միակ փրկությունը արվեստն էր, որը խթան էր կյանքի վերադառնալու համար և փորձելու մեզ շրջապատող մարդկանց ևս դուրս բերել ընկճված վիճակից, քանի որ համաճարակը, հետո նաև պարտությունը պատերազմում կյանքի նկատմամբ վերաբերմունք էին փոխել»,եզրափակում է Նաիրա Մուղդուսյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում