Տաթևիկ Ռևազյանի հանդիպումն Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հետ և ՀՀ օդային տարածքի օգտագործումն ադրբեջանական օդանավերի կողմից
АналитикаՆոյեմբերի 16-ին 168.am-ը գրել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները կասկածելի թռիչքներ են կատարում Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի վրայով, և դա՝ սահմանային հերթական սրացման ֆոնին:
Ու մինչ թշնամական ինքնաթիռների թռիչքներից հայկական օդային տարածքում խցանումներ են առաջանում, մեր Քաղաքացիական ավիացիայի ոլորտի պատասխանատուն՝ Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կրկին երկրում չէ. հերթական ծննադաբերության նպատակով մեկնել է իր հարազատ Դանիա:
168.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ գործընթացների կամ պայմանավորվածությունների արդյունքում է կայացվել ադրբեջանական ինքնաթիռներին հայկական օդային տարածքով թռչելու թույլտվության վեաբերյալ որոշումը:
Դեռևս 2018 թվականին լուրեր տարածվեցին, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հերթական գործուղման ժամանակ հանդիպել է Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հետ: Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել էր Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։ Այդ հանդիպումն ինքնին զարմանալի էր նրանով, որ, ըստ էության, մինչ այդ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և Արտաքին գործերի նախարարներից զատ, այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ հանդիպում, բնականաբար, տեղի չէր ունենում։
Մենք այդ ժամանակ գրեցինք այդ մասին:
Հետաքրքիր էր պարզել, արդյոք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրել կամ կոորդինացրե՞լ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ` հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ:
Աղմուկը բարձրանալուց հետո Տաթևիկ Ռևազյանը շտապեց բացատրություններ փնտրել և արդարանալ իր այդ հանդիպման համար՝ նշելով՝ իբրև թե ինքը նախապես չի իմացել, որ խոսելու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, իրար հետ սուրճ են խմել և «տենց յուրահատուկ հարց չի քննարկվել Հայաստանի հետ կապված, Ադրբեջանի հետ կապված» (նրա խոսքերն են):
Բայց արի ու տես, որ ամիսներ անց առանց «տենց քննարկումների արդյունքում» Ադրբեջանը, երբ պատերազմ է մղում Հայստանի դեմ, երբ գերի է վերցնում մեր զինծառայողներին, այդ պայմաններում նույն այդ թշնամի երկիրը սկսում է օրական մի քանի անգամ թռիչքներ իրականացնել Հայաստանի օդային տարածքի վրայով:
2014 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից դադարեցվել էր ՀՀ օդային տարածքով թռիչքների իրականացումը, և չգիտես` ինչպես ստացվեց, որ այս պատերազմական պայմաններում հարևան երկիրը կրկին սկսեց օգտվել ՀՀ օդային տարածքից:
Իսկ գուցե այս ամենը 2018 թվականին Տաթևիկ Ռևազյանի և Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հետ չնախատեսված հանդիպման արդյո՞ւնքն է, իսկ գուցե հենց այդ ժամանակ էլ ՔԱԿ նախագահը համոզե՞լ է, որ Ադրբեջանը վերսկսի թռիչքներ իրականացնել մեր երկրի վրայով և դրանով էլ «օգուտ» կբերի մեր երկրին, ասենք, մի 200 դոլարի չափով: Եվ, բնականաբար, դրա մասին չէին կարող չիմանալ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ն:
Կազմալուծված ավիացիայի հերթական նվերը Հայաստանին մատուցեց Տաթևիկ Ռևազյանը, ով Փաշինյանի գլխավորած հեղափոխություն կոչվածից հետո «օդից» հայտնվեց ՀՀ քաղավիացիայի պես ռազմավարական նշանակության կարևորագույն կառույցում, ով այս պահին կրկին Հայաստանում չէ և հեռավոր Կոպենհագենից հավանաբար հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ ինքն իր մեղքի հսկայական չափաբաժինն ունի:
Հիշեցնենք, որ երբ 2018թ. հուլիսի սկզբին Փաշինյանը Ռևազյանին նշանակեց այդ կարևորագույն պաշտոնում, վերջինս Ֆեյսբուքում գրել էր, թե ինչպես է այդ պաշտոնում նշանակվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակել՝ ժամանակին նամակ է գրած եղել Փաշինյանին.
«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այսօր Հայաստանի զարգացման գործում դերակատարություն ունենալու համար։ Ես գրել եմ մեր վարչապետին ու ասել, որ կարող եմ աշխատել և ներգրավել ավելի շատ ավիաուղիներ, որոնք կթռչեն դեպի Հայաստան»,- նշել էր Ռևազյանը իր Facebook–յան գրառման մեջ, որը հրապարակվել է 2018թ. մայիսի 9-ին։