«Ժամանակ է պետք, որ արդեն նկատելի լինեն նաև արդյունքները». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Դեռևս տարեսկզբին Գիտության կոմիտեի՝ սարքերի և նյութերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթը նախատեսված էր երիտասարդների համար: Ձևավորված 3 հոգանոց գիտական խմբերում պետք է լինեին երիտասարդներ: Մենք՝ ես, Արևը և Վիկան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից ենք՝ կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքից: Սարքերի կարիք ունեինք, մտածեցինք դիմել մրցույթին»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի կրտսեր գիտաշխատող Անուշ Բադալյանը:
Ընդգծում է՝ իր ասպիրանտական թեման, որի վրա այժմ աշխատում է, նվիրված է ջերմակարգավորիչ ծածկանյութերի ճառագայթային հատկությունների ուսումնասիրությանը: «Մենք տվյալ նյութերը ճառագայթում ենք էլեկտրոններով, պրոտոններով, պլանավորում ենք ճառագայթել նաև նեյտրոններով: Ուսումնասիրում ենք, թե ճառագայթման արդյունքում ինչ փոփոխություններ, ինչ արատներ են առաջանում ջերմակարգավորիչ ծածկանյութերում: Ջերմակարգավորիչ ծածկանյութերը լայն կիրառություններ ունեն, օգտագործվում են տիեզերական կայաններում՝ որպես պաշտպանիչ շերտ, կարող են օգտագործվել ատոմակայաններում՝ նույնպես պատերի պաշտպանության համար, գազատուրբինային շարժիչներում՝ թիակների պաշտպանության համար, որոնք աշխատում են բարձր ջերմաստիճաններում: Մեր հանրապետությունում դեռևս կիրառություն, որպես այսպիսին, չկա, զբաղվում ենք ֆունդամենտալ գիտությամբ, ուսումնասիրում ենք իրենց կառուցվածքը, ճառագայթման ազդեցությունն իրենց վրա: Այս պահին մենք մի քանի թեմա ունենք, որոնք շահել ենք մրցույթների շրջանակներում: Ուսումնասիրում ենք նաև պերովսկիտները, որոնք ժամանակակից՝ սիլիցիումի հիմքով արևային պանելների փոխարինիչներ են: Դրանք ավելի էժան են ստացման համար, իսկ այդ նյութերը՝ ավելի հեռանկարային: Զբաղվում ենք դրանց ստացման, հատկությունների, օպտիկական կառուցվածքի ուսումնասիրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ այս տարին իրենց բաժանմունքի համար բավականին բեղուն տարի էր: «Տարեսկզբին ունեինք փոքրիկ՝ եռամսյա դրամաշնորհ, որտեղ ներառված էինք ես, իմ խմբի ղեկավարը և մի քանի այլ մասնակիցներ: Հետո հաջողություն ունեցանք սարք/սարքավորումների համար հայտարարված մրցույթում, դրանից զատ դիմեցինք նաև ասպիրանտների աջակցության ծրագրին, որտեղ առանձին-առանձին ես և Վիկան հաղթել ենք, դիմել էինք նաև թեմատիկ առանձին ծրագրերի՝ յուրաքանչյուրս մեր ղեկավարների հետ: Հիմա բավականին շատ աշխատանք ունենք անելու, մեր համագործակցությունն էլ միասին վստահաբար շարունակական կլինի»,-հավելում է Անուշը:
Ավանդույթի համաձայն՝ անդրադառնում ենք գիտության ոլորտին, խնդիրներին, խոսում ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին: «Գիտության ոլորտի մասին խոսելիս առաջին հերթին խոսվում է ֆինանսի մասին: Բայց նշեմ մեկ բան՝ իմ կարծիքով, կա նաև վերաբերմունքի հարց: Պարզաբանեմ: Նախկինում, որքանով պատմում են մեր մեծերը, ուսուցիչը, գիտնականը հարգված են եղել շրջապատում: Ցավոք, հիմա պատկերացում կա, թե խեղճ ու կրակ, մի կերպ ապրող մարդիկ են, ինչը, սակայն, կարծրատիպ է: Կարծում եմ՝ հիմա ոլորտում շատ բան փոխվում է դեպի լավը: Գիտնականներ կան, որոնք այժմ ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում և փորձում ամեն տեղ լուսաբանել գիտնականների աշխատանքը, ֆինանսական տարբեր աղբյուրներ բերել գիտություն, որ երիտասարդների համար ոլորտը գրավիչ լինի: Ակտիվ են Գիտության կոմիտեն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն է բավականին հետաքրքիր մրցույթներ կազմակերպում: Ակնհայտ է, որ քայլեր արվում են, սխալ է ասել, որ ոլորտի զարգացման համար ոչինչ չի արվում: Ժամանակ է պետք, որ արդեն նկատելի լինեն նաև արդյունքները»,եզրափակում է Անուշ Բադալյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում