«Փորձում ենք ապահովել բազմազանություն, իսկ հիմքում թատրոնի ավանդույթներն են». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Նոյեմբերյանի «Ասպարեզ» թատրոնը հիմնադրվել է 1939 թ.-ին, 1969 թ. աշնանը վաստակել է ժողովրդականի կոչում: Դժվար տարիներին այն բավարարել է Նոյեմբերյան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների մշակութային պահանջները, իսկ այսօր արդեն մեծ թափ է առել: Այժմ այն կոչվում է Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոն:
«Թատրոնի ռեժիսորը գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանն է: Հիմնականում իր սցենարներով ենք ներկայացումներ բեմադրում, կամ էլ նա վերամշակում է արդեն գոյություն ունեցողները՝ հարմարեցնելով մեր հանդիսատեսի պահանջմունքներին: Հանդիսատեսին ենք ներկայացրել «Էլ ո՞ւր երթանք, լաո», «Եզոպոս» և այլ ներկայացումներ: Ունենք նաև մանկական թատերախումբ: Տարեկան ներկայացնում ենք չորս մանկապատանեկան ներկայացում՝ երեխաների մասնակցությամբ, և մեկ հիմնական ներկայացում: Այս օրերին փորձում ենք նաև կյանքի կոչել ստվերների թատրոնը: Նոյեմբերյանում սա առաջին փորձն է: Շուտով կլինի ներկայացման պրեմիերան: «Ասպարեզ» թատրոնի հանդեպ նկատվող հետաքրքրությունը մեզ ուղղորդեց ստեղծելու մանկապատանեկան թատերախումբ, բեմադրելու տիկնիկային ներկայացումներ, հիմա էլ արդեն հերթը ստվերների թատրոնինն է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:
Ընդգծում է՝ փորձում են ապահովել բազմազանություն, բայց հիմքում «Ասպարեզ» թատրոնի ավանդույթներն են, երեխաների հետ աշխատում են թատրոնի դերասաններն ու ռեժիսորը: Ասում է՝ ֆինանսական խնդիրների չհանգելու համար այնպիսի սցենարներ են ընտրում, որոնք կարող են կյանքի կոչել ունեցած հնարավորությունների սահմաններում: «Այսպես ասենք՝ վարձատրվում են թատրոնի ռեժիսորը և դերասանը, երեխաներն ու պատանիները կամավորության սկզբունքով են ընդգրկվում ներկայացումներում: Բացի դա, եթե կարիք կա դերասան հրավիրելու, որպեսզի նա ընդգրկվի ներկայացումներում, նա վարձատրվում է համայնքապետարանի կողմից՝ հատուկ այդ նպատակով հատկացված բյուջեից: Այս առումով համայնքապետարանը մեզ նման հնարավորություն է տալիս»,-նշում է մեր զրուցակիցը:
2014 թ.-ից մշակույթի կենտրոնն իր մեջ ներառում է գեղարվեստի բաժինը, մշակույթի տունը և գրադարանները: «Այստեղ գործում է հետաքրքիր փոխգործակցություն՝ գրադարանների հետ կապված սցենարային ընտրություն ենք կատարում, գեղարվեստի մեր աշխատողները կատարում են դեկորացիայի ձևավորումը, տիկնիկային ներկայացումների ժամանակ օգտագործում ենք երեխաների պատրաստած տիկնիկները, ստվերային թատրոնում էլ աշխատելու ենք նրանց պատրաստած ֆիգուրներով: Եվ արդեն մշակույթի կենտրոնում մեր դերասանախմբի միջոցով մատուցում ենք ստացված աշխատանքը»,-ընդգծում է կենտրոնի տնօրենը:
Մինչ համավարակի տարածումը կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություններ, գորգարվեստին և առհասարակ մեր ավանդույթներին առնչվող տարաբնույթ միջոցառումներ են ներկայացվել:«Սակայն հիմա համավարակի սահմանափակումները ու պատերազմը փոփոխություններ են մտցրել նաև մեր գործունեության մեջ: Օրինակ՝ սահմանափակումների շրջանում պատրաստեցինք հոլովակներ, որտեղ երեխաներն անդրադառնում էին թատերական գործիչներին, ներկայացնում նրանց կյանքն ու գործունեությունը: Մոտենում է նաև Ամանորյա ներկայացումների ժամանակը, մանկապատանեկան թատերախումբը հանդես կգա ներկայացումով»,-ասում է մեր զրուցակիցը: 2018 թ.-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Ասպարեզ» թատրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը և թատրոնի դերասանուհի Նաիրա Աբրահամյանն արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների: «Թատրոնը համագործակցում է Ալավերդու, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնների հետ: Համագործակցությունը շատ ենք կարևորում, հյուրընկալում ենք թատերական ու երաժշտական ներկայացումներ: Համագործակցությունը դրսևորվում է նաև նվերների տեսքով, օրինակ՝ Մհեր Մկրտչյանի թատրոնը մեզ նվիրեց լուսարձակներ, որոնց կարիքը վաղուց ունեինք»,-նշում է կենտրոնի տնօրենը:
Խնդիրներին ենք անդրադառնում: «Նախքան խնդիրներին անդրադառնալն ասեմ՝ ամենակարևորը՝ թող պատերազմ չլինի, միայն խաղաղություն, նահանջի նաև այս հիվանդությունը, յուրաքանչյուրս զբաղվենք մեր սիրելի աշխատանքով: 2017 թ.-ից աշխատում եմ, թատրոնն այդ ժամանակ տարբեր կարիքներ ուներ, որոնք համայնքի ղեկավարի ջանքերով կարողացանք լուծել: Համախմբվում ենք, սկսում միասին աշխատել, իսկ հանդիսատեսն էլ արդեն տեսնում և գնահատում է մեր աշխատանքի արդյունքը»,-եզրափակում է Սոնյա Զուրաբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում