Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
АналитикаՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։
Օրերս դատարանը երկու ամսով նաև նրա կալանքի ժամկետն է երկարաձգել։ Տոնոյանն ու Գալստյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ նրանց փաստաբանները պահանջել են փորձաքննություններ իրականացնել, ապացուցել, որ գնված հրթիռներն անորակ և ժամկետանց են, նաև գնվել են ավելի բարձր գներով։ Բանն այն է, որ փաստաբաններն անհերքելի փաստեր են ներկայացրել, որ հրթիռներն անպիտան և ժամկետանց չեն։ Նախաքննական մարմինը, սակայն, ոչ միայն հրաժարվում է որևէ փորձաքննություն կատարելուց, այլև ձգձգում է գործի քննությունը՝ քնեցնելով քրգործը։
Չկարողանալով Տոնոյան և Գալստյան Դավիթներից պատերազմի մեղավոր և քավության նոխազ կերտել՝ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ ամեն բան անում է՝ նրանց ապօրինի կալանքի տակ պահելու, այդկերպ հոգեբանական ահաբեկման ենթարկելու, իր ուզածին հասնելու համար։ Փաստենք՝ ապարդյուն և անիմաստ զբաղմունք է, արդյունքում միայն անմեղ մարդիկ ամիսներ շարունակ մնում են անազատության մեջ, իսկ պատերազմի միակ և գլխավոր մեղավորը չի կարողանում անգամ իշխանական քարոզչամեքենայի և տասնյակ հազարավոր զոմբիացած հետևորդների պայմաններում մեղքը բարդել այլոց վրա։
Կարեն Մարտիրոսյան