Հակասություն՝ «նիխտ»․ Ալեն Սիմոնյանի «մեսիջները»
АналитикаԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ինքն է խնդրել ավելի էժան մեքենա գնել, այն էլ ոչ թե պետական բյուջեի միջոցների, այլև ԱԺ տնտեսած միջոցների հաշվին։
«Առաջին լրատվականին» տված ծավալուն հարցազրույցում այդ մասին ասել է հենց ինքը և նշել, թե ի սկզբանե նախատեսված է եղել ավելի թանկ և զրահապատ մեքենա գնել, սակայն ԱԺ նախագահն է պնդել, որ ի հաշիվ իր անվտանգության փոքր-ինչ ավելի էժան, բայց ներկայանալի մեքենա գնեն։
Մինչդեռ այդ մեքենայի գնումը սոցցանցերում ներկայացվեց որպես գործող իշխանության մեջ հակասությունների առկայություն, իբր գործադիրը փորձել է այս գնումով հարվածել Սիմոնյանին՝ նրան դիտարկելով որպես Փաշինյանի մրցակից։
Հենց այստեղ պետք է փնտրել շահագրգռությունը՝ այդպիսի հակասություններ գտնելու, ստեղծելու, իշխանական բուրգը կազմաքանդելու համատեքստում։ Պետության գոյության ողջ ընթացքում էլ գնումներ եղել են, այսուհետ ևս լինելու են, և մշտապես թրենդային են դարձել այն գնումները, որի շուրջ բորբոքված կրակի վրա տարբեր շրջանակներ ձեռքերն են տաքացրել։
Հիմա այս դեպքում ամբողջ աղմուկի ենթատեքստը ոչ թե գնված մեքենան էր (պատվիրատու շրջանակները դրանից տասնապատիկ թանկ մեքենաներ են վարում), այլ թեմայի շրջանառումը՝ իբր դիտմամբ են գործադիրում Ալեն Սիմոնյանի համար թանկարժեք գնում կատարել, որ քավության նոխազ դարձնեն։
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին ակտիվորեն տարածվող լուրերին և ակնարկել, որ Իլհամ Ալիևն ավելի շուտ ներքին լսարանին ուղղված հայտարարություններ է անում՝ խոսելով «միջանցքի» մասին։ «Նշեմ, որ միջանցք բառ չկա, չի լինելու, դա չի քննարկվում։ Հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից»,-պարզաբանել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը մի շարք մեսիջներ տվեց իր հարցազրույցով։ «Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է։ Ոնց հարմար է՝ ասում են»,- կատակել է Սիմոնյանը։ Նա, ըստ էության, ակնարկել է, որ պատրաստ է աշխատել բոլոր ուղղություններով։
Անկախ գործող իշխանությունների նկատմամբ հանրության մեջ ձևավորված իրարամերժ կարծիքներից, կարևոր է, որ իշխանությունն այս փուլում չմսխի սեփական ռեսուրսը և միասնականության հաշվին դիմագրավի արտաքին ճնշումներին։
Ռուբեն Հարությունյան