«ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինդիկատոր են. սա հստակ ու մեծ ազդակ է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը հստակ ազդակ է համարում: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք խոշոր համայնքներում պարտություն է կրել: Անդրադառնալով նաև դեկտեմբերի 5-ին նախորդած ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջաններին ու արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում Ս. Սերոբյանը մի քանի դիտարկում է արել:
«Այս ամբողջ ընթացքում իշխանությունների կողմից ճնշումների, անգամ ձերբակալությունների շղթայի ականատես եղանք: Համայնքներում նաև ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին: Ըստ իրենց, օգտագործված այս ամբողջ գործիքակազմը քաղաքացիների դիրքորոշումների մեջ որոշակի փոփոխություններ պետք է մտցներ, բայց այդ փորձերը դրական ելք չունեցան: ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նախընտրական քարոզարշավն ու այս ամբողջ ընթացքն ապացուցեց, որ իրականում ժողովուրդը էյֆորիայից դուրս է եկել ու երկիրը պահպանելու ցանկություն ունի՝ հաշվի առնելով թե՛ անվտանգային, թե՛ նաև սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները: 2018-ին 70 տոկոս քվեով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն իր արդեն այսօրվա վարկանիշի, իրականացրած գործողությունների, նաև անգործության արդյունքում իրական պատկեր ստացավ. ժողովուրդն այժմ մերժում է Նիկոլին ու իր իշխանությունը: Քաղաքացիները 4 տարվա մեջ եկել են այն եզրահանգման, որ ոչինչ իրենց կյանքում չի փոխվել: Ավելին՝ քաղաքացին իր մաշկի վրա է զգում, որ ժամանակին սխալվել է, ու իր սխալ ընտրությունը կյանքեր է խլել: Այս իշխանության ամեն մի օրը կյանք է խլում նաև հիմա»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս իշխանությունը, նրա խոսքով, չկանխարգելեց, չհաշվարկեց հնարավոր հետևանքները, ճիշտ չկառավարեց. «Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացների ժամանակ քաղաքացիներն իրենց քվեն հիմնականում ընդդիմադիր, չեզոք կուսակցությունների կամ դաշինքների տվեցին: Եթե խոսենք, մասնավորապես, դեկտեմբերի 5-ի ընտրությունների մասին, ապա համայնքներում խոսքը ոչ թե 3-4, այլ բավականին մեծ՝ 100, 200, 500 ձայների տարբերությամբ պարտություն կրելու մասին է: Համախմբվածության մեծ օրինակ էին նաև Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչները, որտեղ ոչ մի ընտրող չմասնակցեց ընտրություններին: Սա բացառիկ դեպք է մեր ընտրական գործընթացի մեջ: Սա, կարելի է ասել, ժողովրդավարության օրինակ է. քաղաքացիները գիտակցում են, որ ընտրությունը ոչ թե պարզապես մի «պտիչկա» դնելն ու քվեաթերթիկ գցելն է, այլ իրենց հետագա 5, 10 տարիների կյանքի պլանավորումը:
Մինչդեռ գրեթե բոլոր համայնքների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ քաղաքացին իր ապագան չի կապում ներկայիս իշխանությունների հետ: Սա հստակ ու մեծ ազդակ է: Մեծ՝ կարմիր ժապավենով ազդակ է նաև իշխանություններին առ այն, որ ՀՀ ներսում կան համայնքներ, որոնք ամբողջապես մերժել են իրենց, թեպետ ԱԺ ընտրություններին որոշակիորեն քվեարկել էին իրենց օգտին: Այսօր ռեալ ընտրությունների արդյունքում ձևավորվելու են համայնքային իշխանություններ, որտեղ մեծամասնությունը կազմելու են ընդդիմադիր, չեզոք, նաև անկուսակցական թեկնածուներ: Մենք տեսանք, որ լավ, աշխատասեր, իր համայնքին նվիրված քաղաքացու ու ղեկավարի դերակատարությունն ավելի բարձր գնահատվեց, քան Ն. Փաշինյանի՝ հասարակությանը հրամցվող ստերի ամբողջ կույտը: Համագյուղացին քվեարկեց իր գործող ղեկավարի օգտին, որովհետև համայնքի ղեկավարը ոչ թե կուսակցական դրոշով, այլ իր գործով էր ապացուցել իր աշխատանքը»:
Անդրադառնալով որոշ շրջանակների այն կարծիքներին, թե այս ամենը զուտ ժողովրդավարության շղարշ ապահովելու համար է, ու ցանկության դեպքում իշխանությունը կարող էր հաղթել, Ս. Սերոբյանը նշեց. «Սա միֆերի հերթական շղթայի մի մասն է:Այս համատեքստում նախ նշենք, որ համայնքներում իշխանությունները ճնշումներ, տարբեր լծակներ էին կիրառել: Ձերբակալություններ, ստերով համեմված ճղճիմ ելույթներ, կոչեր ևս եղան: Չնայած այս ամենին ու իշխանության բանեցրած գործիքակազմին, այնուամենայնիվ, համայնքներում իրենց նախընտրած ձայները չհավաքեցին: ՔՊ-ն պարտություն է կրել՝ իր դիրքերը զիջելով տարբեր ընդդիմադիր ու չեզոք ուժերի: Իշխանությունը մեծ լծակներ է կիրառել, որ հաղթանակ տանի, բայց պարտվել է, որովհետև իրականում քաղաքացիները չեն քեարկել իրենց օգտին: Ես հետևել եմ ընտրությունների ընթացքին, ինքս, այո, օրինական եմ համարում արդյունքները: ԱԺ ընտրությունների ժամանակ ավելի շատ ընտրակեղծիքներ կային, բայց նույնը կարող եմ ասել նաև ԱԺ ընտրությունների առումով: Ընտրակեղծիքների մասով մոտ 200 հազար քվե հանենք, բայց մնում են, չէ՞, այն ավելի քան 400 հազարը, որոնք իրենց ձեռքով ընտրել էին մահաբեր, ազգակործան իշխանություններին: Մինչդեռ ԱԺ ընտրություններից ընդամենը 4 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կարող ենք ասել, որ քաղաքացիների տրամադրությունները փոխվել են»:
Կառավարման փորձագետի դիտարկմամբ, որքան էլ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները ոգևորիչ են, բայց, ամեն դեպքում, ընդդիմությունն ու մյուս ուժերն անելիք ունեն. «Իհարկե, քաղաքացու քվեն շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է քվեի պահպանումը հետագայի առումով: Ոգևորիչ է, որ ընդդիմադիր, նաև չեզոք ու անկուսակցական թեկնածուները հաղթանակ են տարել, բայց ամենակարևորը տեղերում ավելի շատ քաղաքացիների հետ աշխատանք տանելն է: Տեղերում պետք է աշխատանքներն իրականացնել, որ ավելի շատ մարդ վերադառնա ռեալ իրականություն: Իրականություն, ուր կան շատ կորուստներ, որի պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը, և այն պարտադիր պետք է հեռանա: Փոքր համայնքներում տեղի ունեցած ընտրություններն իրականում ինդիկատոր են մեզ համար այն առումով, որ փոփոխությունների շղթան թեպետ ուշ, բայց, ամեն դեպքում, մտել է Հայաստան: Այս իմաստով իշխանությունն անզոր է ամեն գնով պահպանել մի բան, որն այլևս չկա: Իշխանությունը չունի վստահության քվե, չունի նաև գրագետ կադրեր, որոնք կարող են կառավարում իրականացնել»:
Այս համատեքստում նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների կողմից ՏԻՄ ընտրությունների արդյունքները որպես ձեռքբերում ներկայացնելու փորձերին: Խոսելով նաև Փաշինյանի այն հայտարարության մասին, թե նախկինում ընտրությունների կեղծման պրակտիկան է հանգեցրել անվտանգային աղետների, իսկ ապագայի երաշխիքը պետք է պետականություն և պետական ինստիտուտները լինեն, Ս. Սերոբյանը շեշտեց. «Իրականում սա պարտության լղոզման ևս մեկ օրինակ է: Պատերազմող երկրում կարևորագույն հիմնահարցը հզորացումն է, սահմանների ամրությունը, մեծ թշնամիներ ունենալու գիտակցումը: Իշխանությունը պետք է հզորացներ այդ համակարգերը: Բայց հենց այս իշխանություններն են ինստիտուտներ քանդել, հենց նրանք են գեներալներ ձերբակալել, նրանք, ի վերջո, բանակաշինության գործընթացում մեծ ներդրում ունեցողների վրա կեղծ ցուցմունքներ կարողներ են: Ամոթ է, երբ նման ստորակարգ պաշտոնյան կարող է հայտարարել, որ իր հիմնական նպատակը որևէ ինստիտուտի պահպանումն է: Իր ամբողջ վարչակարգն ու անգրագետ կադրերը ինստիտուտներ են քանդել, խեղաթյուրել են ամբողջ պետական համակարգը: Պետական որևէ ինստիտուտ չի աշխատում, ունենք իրավիճակ, երբ բոլոր պետական, այդ թվում՝ անվտանգային գործառույթները, իր ուսերին է վերցրել ՄԻՊ գրասենյակը:
Իսկ իշխանությունը պարապուրդի է մատնված կամ էլ խոսում է միայն իրեն հասու պրիմիտիվ, երկրորդային թեմաներից, ինչպիսին Ամանորի արձակուրդներն են: Եթե իշխանությունը ցանկանում է ունենալ պետական ապարատի շարունակականության ապահովում, նախ՝ պետք է գիտակցի, որ իր ուսերին դրված պատասխանատվությունը չի կարող տանել ու պետք է հրաժարական տա: Եթե չի գիտակցում պատասխանատվությունը, չի գիտակցում, որ հեռանալու ժամանակն է, իր խնդիրն է, բայց քաղաքացիներն օր օրի իրեն հեռացնելու են իշխանությունից: Եվ դա լինելու է ընտրությունների միջոցով: Մերժումը շարունակվելու է, թեպետ շուտափույթ պետք է լինի, որ բացառվի նոր համաձայնագրի կնքումը, նոր տարածքների հանձնումը: Այս առումով ավելի արագ գործընթացի կարիք կա, որ հետո կրկին չներկայացնեն այնպես, թե պատերազմի շեմին էինք ու նա «փրկեց» մի շարք զինվորների, քաղաքացիների: Նախկինների վրա մեղքը գցելով, սեփական պարտությունը ժողովրդավարության սկզբունքների տակ քողարկելով՝ հնարավոր չէ թաքցնել իրականությունը: Նրանք պարտվել են, որովհետև քաղաքացիներն այլևս չեն վստահում իրենց»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում