Բոլորին էր հասկանալի, որ պատերազմի աղետալի հետևանքների ու մեր երեխաների զոհվելու մեկամյա տարելիցին ընդառաջ հասարակական տրամադրությունները սրվում էին, այլևս Փաշինյանը նախկինի նման չի կարողանում ազատորեն շրջել, Եռաբլուրում աջակցության ծեսեր բեմադրել, ուստի հարկավոր էր նոր, աղմկահարույց, աշխարհացունց գործողություններ, նոր մեղավորների նշանակում:
Ինչ վերաբերվում է Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, ապա իշխանությունները հենց նեղն են ընկնում, ինչպես ասում են, Պատրոն Դավոն սաղ ըլնի, իշխանությունների համար պատրաստի թիրախ է: Զենք ներմուծողը, այսինքն՝ բիզնեսմենը, բերում է իր ապրանքը, նախարարությունը փորձաքննում է, երկրի բարձրագույն ղեկավարության կամոք կամ ընդունում է այդ ապրանքը, կամ՝ ոչ: Հիմա պատերազմի մեղավորներ նշանակելիս ով չի ալարում՝ ձերբակալում է այդ մարդուն, քրեական գործեր հարուցում: Ընկերներ, դուք «վերևներում» նախ ձեր մեղավորության աստիճանը պարզեք, հետո անցեք առևտրականներին հետապնդելու ձեր մարմաջին: Զենք բերողը այս գործում պատասխանատվության ամենաստորին օղակն է, կարելի է ասել՝ ուղղակի շոուի մաս, որովհետև զենքը բերել է, նախարարությունը համարել է, որ ժամկետը պահպանության համար բավարար չէ, չի ընդունել: Մի առեք այդ մարդու բերած զենքը, ու մի նշանակեք նրան մեղավոր ձեր բազարների համար: