Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի բացման համերգին ելույթ կունենա Ալեքսանդր Ռոմանովսկին
КультураԴեկտեմբերի 14-ին Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի բացման համերգի ընթացքում ելույթ կունենա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից՝ Դաշնամուրի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները։ Նվագախումբը երեկոյի ընթացքում կներկայացնի նաև Շոստակովիչի Թիվ 12 սիմֆոնիան։
Հիշեցնենք, որ խաչատրյանական 9-րդ փառատոնը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, և փառատոնային յուրաքանչյուր համերգ կնվիրվի 20-րդ դարի այս խոշորագույն կոմպոզիտորներից մեկի արվեստին։
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին մեր օրերի լավագույն դաշնակահարներից է։ «Նյու Յորք թայմսը» նրա մասին գրել է. «Ալեքսանդր Ռոմանովսկին ոչ միայն արտակարգ տեխնիկայի տեր դաշնակահար է՝ օժտված գունավոր երևակայությամբ, այլև նրբազգաց երաժիշտ և պայծառ կատարող»: Վիրտուոզ դաշնակահարը սիրով է այցելում Հայաստան։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ Հայաստանը գեղեցիկ է նաև իր ժողովրդով. «Հայերը շատ հավատարիմ են իրենց արժեքներին, շատ հոգևոր ու խոր զգացողություններ ունեցող ժողովուրդ են»։
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։