Կադրային «ռակիրովկաներ»․ Ռոմանոսը անցել է գործի
АналитикаՊետական վերահսկողական ծառայությունը Հայաստանի առանցքային գերատեսչություններից մեկն է, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո առանձնապես լուրջ աշխատանքով չի փայլել։ Խնդիրն առաջին հերթին այդ ծառայության ղեկավար նշանակված անձանց մեջ է: Թե՛ մասնագիտական կրթություն ու կառավարչական հմտություններ չունեցող Դավիթ Սանասարյանը, թե՛ նրա հաջորդները չեն կարողացել Պետական վերահսկողական ծառայությունը վերածել լուրջ և գործունակ կառույցի, մինչդեռ նրա լիազորություններն ու հնարավորությունները համադրելի են ուժային կառույցների հնարավորությունների հետ, իսկ ամուր ղեկավարի պարագայում այդ կառույցը կարող է վերածվել լուրջ վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմնի։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հանրությունը միանշանակ չընդունեց, կարծում էին, թե հերթական նշանակումն է, չի կարողանա ղեկավարել ծառայությունը։ Չենք կարող վստահ պնդել, որ Ռոմանոս Պետրոսյանը ամբողջ ծավալով կկատարի իր պարտականությունները, սակայն նրա նշանակումից հետո իրականացվող որոշ փոփոխություններ հույս են տալիս, որ Պետական վերահսկողական ծառայությունում դրական ինչ-ինչ քայլեր կկատարվեն։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է կայացրել, որոնցից մեկով Ժիրայր Խառատյանին ազատել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, մյուսով էլ Ռոբերտ Բազիկյանին նշանակել է տեղակալի պաշտոնին։ Համեմատաբար երիտասարդ Խառատյանի կենսագրությունը ՊՎԾ կայքում է դեռ, այն առանձնապես չտպավորեց։ Նա ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր երկուսուկես ամիս առաջ և այսօր արդեն հեռացվում է այդ պաշտոնից։
Մինչդեռ Ռոբերտ Բազիկյանը նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ ԱԱԾ գնդապետն այդ պաշտոնից ազատվել էր 2020-ի հուլիսի 16-ին։ Այս նշանակումը, թերևս, առաջինն է, հուսանք՝ ոչ վերջինը։ Նման քայլերով հնարավոր կլինի վերականգնել Պետական վերահսկողական ծառայության հեղինակությունը, դարձնել այն երկրի առանցքային կառույցներից մեկը, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ պետական և օրենքով վերահսկողությունը կենսական անհրաժեշտություն է։
Արման Գաբրիելյան