Շմոլ գազից թունավորված նույն ընտանիքի 4 երեխաները դուրս են գրվել
ОбществоՇմոլ գազից թունավորված և դեկտեմբերի 18-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում հոսպիտալացված նույն ընտանիքի 4 երեխաները դուրս են գրվել: Նրանցից երկուսը տեղափոխվել էին բուժհաստատություն ծանր՝ ուշագնաց վիճակում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Նշենք, որ շմոլ գազից թունավորվել էր նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:
Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա՝ հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք արդեն դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից:
Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորումների քանակը հատկապես ձմռան ամիսներին կտրուկ ավելանում է:
Թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ: Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ՝ սրտի կանգ:
Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:
Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է: Ուշադիր լինել գազախողովակներին. արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:
Հիշեցնենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով, որը կիրառվում է շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ»: