2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տարեկան երեխաների նպաստները
ЭкономикаԱրցախում 2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տարեկան երեխաների նպաստները՝ հասնելով առնվազն 40 հազար դրամի։
Անդրադառնալով 2022 թվականի պետբյուջեով սոցիալական ոլորտում նախանշված ծրագրերին՝ Ազգային ժողովում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվարկներ են կատարվում նաև նպաստների չափը 50 հազար դրամի հասցնելու ուղղությամբ:
Բացի այդ, նախատեսվում է արդեն 2023 թվականին նույն չափով նպաստ սահմանել մինչև 18 տարեկան բոլոր երեխաների համար։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ 2024 թվականին երեխաների նպաստի չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ 2022 թվականի պետբյուջեով դրվել է այն հիմքը, որպեսզի Արցախում 18 տարեկան բոլոր երեխաները ստանան նվազագույն զամբյուղի համապատասխան նպաստ: Նույն կերպ՝ 3 տարվա ընթացքում նվազագույն սպառողական զամբյուղին կհավասարեցվեն նաև թոշակների չափերը։
Գալիք տարվա պետբյուջեով 20 տոկոսով կբարձրանան նաև աշխատավարձերը։ Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման և սպառողական զամբյուղի ցուցանիշների հարաբերակցությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ սպառողական զամբյուղի արժեքի մեջ մտնող մի շարք ծառայություններ մնացել են նույնը․ քաղաքացիները, վերջին ամիսներին կամ մեկ տարվա ընթացքում, չեն վճարել կամ մասնակի են վճարել այդ ծառայությունների դիմաց, որոնք, նախապատերազմյան ժամանակահատվածի համեմատ, ավելի արտոնյալ պայմաններով են մատուցվելու:
Շարունակվելու են անվճար առողջապահության ու կրթության, Արցախում ապրող բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրերը։
Սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի խնդիրը լինելու է ժողովրդագրական աճի ապահովումը, ինչը նախագահ Արայիկ Հարությունյանն կարևորել է որպես հիմք՝ Արցախի Հանրապետության անվտանգային խնդիրների լուծման, միջազգային իրավունքները պաշտպանելու համար։