Ղազախստանում 3706 մարդ է ձերբակալվել՝ երկրում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին
Международные новостиՂազախստանի իրավապահ մարմինները 3706 մարդու են ձերբակալել՝ կապված երկրում տեղի ունեցող անկարգությունների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Ըստ տեղի հեռուստաալիքի՝ դա վերջին տվյալն է ներկա դրությամբ:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: