Դասագրքային և կիրառական իշխանության հակոտնյան
АналитикаԳրեթե յուրաքանչյուր իշխանություն, ի թիվս բազմաթիվ հատկանիշների, ունի նաև մարդու որակները, արժեքային կողմնորոշումները բացահայտելու կարողություն։ Ըստ էության, իշխանությունը մարդուն ավելի լավը կամ ավելի վատը չի դարձնում, այն ընդամենը խտացված կերպով բացահայտում է անհատի դրական կամ բացասական կողմերը։ Հետևաբար՝ տարածված արտահայտությունը, թե «իշխանությունը փչացրեց այսինչին», ուղղակի մակերեսային դատողություն է, իրականությունն այն է, որ իշխանությունն ընդամենը բացահայտում է այդինչի՝ նախկինում թաքնված այնպիսի որակները, որոնք արտահայտվում են միայն կոնկրետ միջավայրում և կոնկրետ պայմաններում։
Հետաքրքրական փաստ է այն, որ իշխանությունը հենց մարդուն բացահայտող միջավայր է։ Հատկապես Հայաստանում, որտեղ իշխանության նկատմամբ վերաբերմունքն ու գնահատականը, մեղմ ասած, խեղված է։ Եթե զարգացած ժողովրդավարական հասարակություններում իշխանությունն ընկալվում է՝ որպես պետությանը, հանրությանն իրապես ծառայելու առաքելություն, ապա մեր նման երկրներում իշխանությունն ավելի շատ համարվում է արտոնությունների, բյուջետային փողերի ծախսման, վայելքների, ճոխ կյանքի հնարավորություն։ Եվ մարդկանց մեծ մասը՝ որևէ պաշտոնով մաս կազմելով իշխանությանը, իրականում նետվում է ոչ թե պետությանը ծառայելու, այլ հենց այդ արտոնություններից օգտվելու մղումով։
Կարևոր է փաստել այն պարզ ճշմարտությունը, որ իշխանությունը նաև գայթակղություն է ու գայթակղությանը դիմակայելու մարտահրավեր։ Եզակիներն են, որ կարողանում են դիմակայել այդ գայթակղությանը, և այդ եզակիությամբ ու բացառիկությամբ նրանք ընդամենը հաստատում են օրինաչափությունը, իսկ օրինաչափությունն այն է, որ իշխանությունը հավասարներից առավել լինելու ու արտոնյալներից արտոնյալ դառնալու հնարավորություն է։
Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը հավաքականորեն մարդկային դեմք չունի, ճիշտ հակառակը՝ իր բնույթով ու ներքին օրինաչափություններով այն հակամարդկային է։ Լայն իմաստով, հայկական իշխանությունը սպանում է մարդուն։ Հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո իշխանությանը մաս կազմելը դարձել է սատանայի հետ գործարքին հավասարազոր երևույթ, և կամայական մեկը, այդ գործարքին գնալով, ձեռքերն ազատ է համարում հետագա անբարոյականությունների հարցում, քանի որ, դառնալով իշխանության մասը, նա մաքրում է հաշիվները բարոյականության հետ։
Եթե փորձենք տալ որոշակի դասագրքային մեկնաբանություններ, ապա իշխանության մասին տեսական սահմանումներում ու դասակարգումներում առանձնացվում է էտալոնային իշխանություն հասկացությունը, որով բնորոշվում է այն իշխանությունը, որը կարող է ընդօրինակման առարկա դառնալ հասարակության համար։ Հայաստանում իշխանությունը ճիշտ հակառակն է, այն ոչ միայն էտալոնային չէ, այլև իրենից ներկայացնում է հակաէտալոն, որի անդամներին ցուցանելով՝ ծնողները պետք է երեխային զգուշացնեն, թե ինչպիսի մարդ չի կարելի դառնալ։
Փաստն այն է, որ հայկական իրականության ամենախորքային խնդիրներից մեկը մարդկային նվազագույն որակների ու արժեքների բացակայությունն է։ Գործող իշխանության բնույթն այնպիսին է, որ այն մագնիսի նման իր շուրջն է հավաքել բոլոր այդ որակներից զուրկ անհատներին, իսկ նրանք, ովքեր՝ որպես բացառություն, այդուհանդերձ ունեցել են մեկնարկային նման որակներ, տարրալուծվել են իշխանական գորշության մեջ՝ իշխանությունն ամբողջությամբ ու վերջնականապես հեռացնելով մարդուց ու մարդկայինից։
Արմեն Հովասափյան