Ղազախական հավասարում
АналитикаՆախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում գործող խոշոր ընկերությունները պետք է աջակցություն ցուցաբերեն ժողովրդին, ինչը կկատարվի հատուկ հիմնադրամի միջոցով: Տոկաևը մասնավորաբար նշել է, թե «առաջին նախագահի շնորհիվ շատ խոշոր ընկերություններ են ձևավորվել Ղազախստանում» և հիմա ժամանակն է, որ նրանք աջակցեն ժողովրդին: Նշենք, որ խոսքը Նուրսուլթան Նազարբաևի մասին է, ով երեք տասնամյակ Ղազախստանի նախագահն էր, իսկ 2019 թվականին պաշտոնը հանձնելով Տոկաևին, մնաց Անվտանգության խորհրդի նախագահը, որն, ըստ էության, այս պահին էլ ուժային բլոկի ղեկավարն էր:
Տեղին է փաստել, որ հենց նշյալ ուժային բլոկն էլ այսպես կոչված «ղազախական հեղափոխության» օրերին հրաժարվեց ենթարկվել Տոկաևին, որից հետո նա հեռացրեց Նազարբաևին և ստանձնեց ԱԽ նախագահի պաշտոնը, միաժամանակ օգնության դիմելով նաև ՀԱՊԿ-ին, այլ բնորոշմամբ բառացիորեն դիմեց ՌԴ-ին: Հիմա կարող ենք եզրակացնել, որ գուցե հենց նման արագ կողմնորոշման շնորհիվ Տոկաևը կարողացավ պահել սեփական իշխանությունը: Նշենք, որ այժմ նա արդեն հայտարարում է, որ իրավիճակը Ղազախստանում կայունանում է: Եվ ահա, փաստորեն Տոկաևը հայտարարում է, որ Նազարբաևի շնորհիվ հարստացած ընկերությունները կամ մարդիկ պետք է վճարեն (մուծվեն պետությանը): Այլ կերպ ասած՝ Տոկաևը փաստորեն հայտարարում է, որ Նազարբաևը պետք է վճարի Ղազախստանում հանրության սոցիալական դժգոհության վրա հեղաշրջում պլանավորելու գինը, որ փորձեցին իրականացնել նրան ենթակա, նրա կլանին պատկանող ուժային կառույցների ղեկավարները: Նրանցից որոշները ձերբակալվել են, եղել են անգամ ինքնասպանություններ:
Ի՞նչ է ստացվում. Տոկաևը, փաստորեն, Ռուսաստանի օգնությամբ հաստատում է Ղազախստանում միատար իշխանություն կամ դառնում է իշխանության միանձնյա տերը և առաջին քայլով սահմանում «տուրք»՝ Նազարբաևի և նրա օգնությամբ հարստացածների համար (այստեղ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը): Միաժամանակ Ժոմարդևիչը հայտարարել է, որ կառավարությանը հանձնարարել է կազմել այդ խոշոր ընկերությունների, այլ կերպ ասած մեծահարուստների ցանկը: Պաշտոնական ոչինչ չի նշվում, թե ինչ գումարի մասին է խոսքը, միայն փաստենք, որ նախօրեին Տոկաևն իր ելույթում հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևանքով պետությանը հասցրած վնասը կազմել է 2-3 միլիարդ դոլար: Այսքանից հետո մնում է հասկանալ, թե Նորսուլթան Աբիշևիչն ու իր մերձավոր շրջապատն ինչպես կարձագանքեն այս նախաձեռնությանը։
Արթուր Սարգսյան