ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել. Շոյգու
Международные новостиՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Ղազախստանի Հանրապետությունում լիովին չի կայունացել՝ բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ», - երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։
ՌԴ Պաշտպանության նախարարի խոսքով՝ «ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում»։
«Կարճ ժամանակում՝ ընդամենը երեք օրում, ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները տեղափոխեցին անձնակազմ և տեխնիկա։ Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգման և արդյունավետության շնորհիվ՝ այն փորձի, որ ձեռք է բերվել համատեղ վարժանքների և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում»,- ասել է Շոյգուն։