ՌԴ-ՆԱՏՕ՝ սառույցը շարժվե՞ց
АналитикаՆախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ, որին ռուսական կողմից մասնակցում էին ԱԳ և ՊՆ փոխնախարարները, իսկ ՆԱՏՕ-ն՝ ներկայացված էր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, դաշինքի անդամ պետությունների ՆԱՏՕ-ում ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ փոխպետքարտուղարի մակարդակով: Ի դեպ հավելենք, որ վերջին անգամ նման հանդիպում տեղի էր ունեցել 2019-ին։
Ըստ էության, բրյուսելյան բանակցությունը հունվարի 9-10-ին Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան բանակցության շարունակությունն էր, որի հիմնական օրակարգը վերաբերվում էր անվտանգային փոխադարձ պահանջների ու երաշխիքների հարցերին: Ինչպես այդ հանդիպումից, այդպես էլ ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստից հետո հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն չի ընդունում Ռուսաստանի պահանջները: Ընդգծենք, որ այդ պահանջները վերաբերում են Վրաստանի ու Ուկրաինայի անդամության հեռանկարը բացառելուն, ինչպես նաև ՆԱՏՕ զինուժն ու ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայի այն երկրներից դուրս բերելուն, որոնք մինչև 1997 թվականը չեն եղել դաշինքի անդամ: Ստացվում է, որ ինտենսիվ բանակցության պայմանական առաջին ռաունդը ավարտվում է, ըստ էության, ոչնչով, ինչը նշանակում է լարվածության հետագա աճի միտում:
Կարևոր է նշել, որ ներկայումս Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին սկսել է հերթական զորավարժությունը և շարունակում է սահմանին պահել ավելի քան 100 հազարի հասնող հարվածային ստորաբաժանումներ: Ահա այս ֆոնին անհանգիստ է դառնում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, թեև մեծ հաշվով այդ սահմանին հանգիստ իրավիճակ երբեք չի էլ եղել: Սակայն սրացումը, որ տեղի ունեցավ հունվարի 11-ին, իսկապես հատկանշական է, հաշվի առնելով այն, որ այդ սահմանը այսպես ասած ռուսական պատասխանատվության գոտում է, ու չնայած այն հանգամանքին, որ Կովկասի հարցը, կարծես թե, ամերիկառուսական կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերության բաց օրակարգում չէ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ դիտարկման «գոտի» է:
Հատկանշական է նաև այն, որ այստեղ ՆԱՏՕ-ն, ըստ էության, ունի ավելի ընդգրկուն ներկայացվածություն, քանի որ Վրաստանի հետ իրականացվող ուղիղ ծրագրերից բացի, ՆԱՏՕ անդամ Թուրքիան ուղիղ ներկայացված է Ադրբեջանում: Ռուսաստանը Թուրքիայի հետ կապված հասկանալի պատճառներով լռության է մատնում այդ փաստը և չգիտես ինչու չի դնում ՆԱՏՕ ենթակառուցվածքն ու ուժերը նաև Ադրբեջանից դուրս բերելու խնդիր: Եվ հենց այստեղ էլ առաջնային պլան է գալիս Թուրքիայի «աստեղային ժամը», ըստ էության միակ գոտին, որտեղ այդ ժամը դեռևս շարունակվում է պտտվել առանց «հետ ընկնելու»: Սակայն, չնայած անխախտ դիրքորոշումներին, ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստից հետո Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատրաստ են Մոսկվայի հետ փոխադարձությամբ վերականգնել Մոսկվայում և Բրյուսելում ներկայացուցչությունները, որոնք փակվել էին ամիսներ առաջ լարվածության գերաճի հետևանքով:
Անկասկած նման հայտարարությունը թույլ է տալիս դիտարկել հնարավորություն, որ այդուհանդերձ «սառույցը որոշակի» առումով կոտրվել է, և ինչ-որ գործընթաց ծավալվում է, ընդհանուր հետաքրքրության ինչ-որ սխեմաներ ձևավորվում են: Թերևս այդ պատճառով է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը դժգոհում է ՆԱՏՕ-ից և հայտարարում է, որ Թուրքիային պաշտպանական արտադրանքի մատակարարումը չեղարկող երկրները թուլացնում են դաշինքը: Ստացվում է, որ Անկարան հերթական անգամ փորձում է ինտրիգ մտցնել՝ նման քայլով զգուշացնել Բրյուսելին և ինչ-որ տեղ «նոր հույսեր» տալ Մոսկվային:
Միանշանակ չի բացառվում, որ ՆԱՏՕ-Ռուսաստան գործընթացի ձևավորման պարագայում կարող է խափանվել Ադրբեջանի միջոցով Թուրքիայի գլխավոր խաղադրույքներից մեկը՝ Կովկասում ի դեմս Ադրբեջանի Արևմուտք-Ռուսաստան ռազմաքաղաքական-տնտեսական միավորում կազմակերպելը:
Արթուր Սարգսյան