«Սրտաճմլիկ» ռելիզն ու ՀՀ պատային կացությունը
АналитикаԻնչպես հայտնի է նախօրեին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Ֆուտբոլային դիվանագիտություն անվանումով հայտնի հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից հետո սա, ըստ էության, հայ-թուրքական պաշտոնական առաջին ուղիղ հանդիպումն էր:
Ընդգծենք, որ հանդիպմանն ընդառաջ մի շարք կարևոր հայտարարություններ ու կարծիքներ շրջանառվեցին, որոնք ուղղակիորեն ասոցացվում էին բանակցային գործընթացին:
Հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել էր, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Քորքմազջանը, ով ներկայում է նաև որպես «Թալեաթ Փաշա» միության նախագահ, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում. անմիջապես իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին, Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից», քանի որ հենց ՄԻԵԴ-ում Փերինչեք-Շվեյցարիա դատական գործընթացում շեշտվեց, որ այն սուտ է, պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված և թուրք ազգին նվաստացնող արձանը:
Ի դեպ՝ բավական ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ երեկ մամուլում տարածվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիմումը Հայաստանին՝ կրկին նախապայմանային տրամաբանությամբ: Վերջինս պնդել էր՝ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օրակարգ է բերվել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե՝ որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, «կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»։
Հատկանշական է նաև այն, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը զուգահեռ՝ երեկ Մոսկվայում ընթանում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որի ընթացքում նա նշել է, որ Մոսկվան օգնում է Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակման պայմանավորվածություն ձեռք բերելուն՝ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ տեքստը տարածվել է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով նույնությամբ, սակայն մեկ տարբերությամբ՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներում «կառուցողական մթնոլորտ» ձևակերպման հետ կիրառվել է նաև դրական՝ «positive» որակումը:
Ի դեպ, տառացիորեն նույն տեքստն է տարածել նաև թուրքական կողմը: Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունների անգլալեզու հաղորդագրությունները պարզապես նույնն են: Սա թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպումն իսկապես անցել է չափազանց դրական մթնոլորտում, որի արդյունքում նրանք հրապարակել են, թերևս, նախապես համաձայնեցված միևնույն տեքստը: Այնպես, որ կենացները թանկանում են և չի բացառվում, որ առաջիկայում ավելի «սրտաճմլիկ» ռելիզների ականտես լինենք։
Արմեն Հովասափյան