Պարզ օրակարգ՝ մթին բանաձևմամբ
АналитикаՕրերս պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամերիկա-ռուսական, ըստ էության, եռօրյա եվրոպական բազմաձևաչափ բանակցության առնչությամբ հայտարարել է, որ «կողմերը բավականին նյութ են փոխանցել միմյանց և կա «մարսելու» ժամանակի անհրաժեշտություն»: Բլինքենը հայտարարել է նաև, թե ԱՄՆ ներկայումս բանակցելու է իր դաշնակիցների հետ: Ուկրաինայի շուրջ ճգնաժամի առումով նա միաժամանակ ասել է, թե Վլադիմիր Պուտինը տիրապետում է բանակցությանը վերջնական որևէ որոշում հայտնելը ձգձգելու արվեստին:
Հենց առաջին հայացքից ակնհայտ է, որ ամերիկա-ռուսական եռօրյա բանակցության արդյունքը տեսանելի չէ, միաժամանակ կասկածից վեր է, որ բանակցությունը ներառել է հարցերի լրջագույն շրջանակ և թերևս կասկածից վեր է, որ կողմերի մոտեցումները եկել են որոշակիորեն նոր կետի: Բարդ է գնահատել, թե ինչպիսին է այդ կետը, ինչով է տարբերվում այն կետից, որ կար մինչև բանակցություն, սակայն այն, որ ԱՄՆ-ն խոսում է իր եվրոպական դաշնակիցների հետ բանակցության անհրաժեշտության մասին, նշանակում է անկասկած նոր իրավիճակի առկայություն:
Պետք է արձանագրենք, որ հրապարակային մակարդակում կողմերը չեն շարժվել իրենց դիրքորոշումներից, սակայն նաև գուցե հետաքրքրության է արժանի այն, որ հենց ամերիկա-ռուսական բանակցությանը զուգահեռ հայտարարվեց Ղազախստանից ՀԱՊԿ զորամիավորման դուրսբերման մասին, ինչը շատերի մոտ առաջացրեց հարց, ՀԱՊԿ զինված ուժերի` մուտքի և ելքի արագության հետ կապված: Իհարկե, ուղիղ կապը ամերիկա-ռուսական բանակցության հետ նշմարելի չէ, սակայն ինչպես ուշադրության էին արժանի ղազախական իրադարձությունները իրենց զարգացման բուռն արագությամբ և ՀԱՊԿ մուտքով՝ սպասվող ամերիկա-ռուսական բանակցությանն ընդառաջ, այդպես էլ ուշադրության է արժանի դրան զուգահեռ ՀԱՊԿ բավականին արագ ելքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ղազախստանն ամերիկա-ռուսական բանակցային փաթեթի մաս էր, և հետևաբար ի՞նչն էր այնտեղ պայմանավորվածության և ինքը դրա խախտման տրամաբանությամբ:
Ըստ էության, բարդ է ասել, սակայն այս հանգամանքը, իհարկե, արժանի է դիտարկման, ուշադրության արժանի է ՀՀ մասնակցության համատեքստում, պատկերացնելու համար, թե Հայաստանն ինչ տեղ է զբաղեցրել այդ «փաթեթում»՝ զուտ տեխնիկական խնդիր կատարողի՞, թե՞ այդուհանդերձ քաղաքական գործոնի: Ամերիկա-ռուսական հարաբերությունների գրեթե բոլոր ասպեկտներում Հայաստանը միշտ էլ հայտնվում է մուրճի ու սալի նեղացող արանքում: Միևնույն ժամանակ պարզ է, որ Հայաստանը չի կարող նստել և սպասել «բախտին», եթե այն բերի՝ ԱՄՆ ու Ռուսաստանը կպայմանավորվեն համակեցության այնպիսի տրամաբանությամբ, որը Հայաստանին կապահովի կենսագործունեության մեծ տարածություն, իսկ, եթե ոչ՝ ապա Հայաստանը ուղղակի «կճզմվի»: Միաժամանակ, Հայաստանի անելիքը նաև ԱՄՆ, թե Ռուսաստան ընտրությունը չէ, լինի այդ հասկացության ուղիղ, թե պայմանական իմաստով:
Հայաստանը թերևս պետք է փորձի աշխատել ամերիկա-ռուսական բանակցային գործընթացի փուլային ինտենսիվությանը զուգահեռ ինտենսիվ կերպով աշխատել թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ՝ ձգտելով ազատել իր համար տարածություն և այդ տարածության շրջանակում ձևակերպել երկու կողմի համար էլ ընդունելի տեղային նշանակության միջավայր: Սա առաջին հերթին քաղաքական իշխանության պատասխանատվության դաշտում է, որն անհասկանալի է, թե ինչ օրիենտացիա ունի տվյալ իրողության պայմաններում:
Արթուր Սարգսյան