Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում
ОбществоՀունվարի 22-ից, առողջապահության նախարարության նոր կարգի համաձայն, հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացիները պարտադիր պետք է ներկայացնեն պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Առողջապահական գերատեսչությունն արդեն հրապարակել է այդ վայրերի ցանկը: Դրանք են՝ սրճարաններ, ռեստորաններ, սննդի այլ կետեր, զվարճանքի վայրեր, մարզասրահներ, հյուրանոցներ, մշակութային վայրեր, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ վայրեր:
Հանրային սննդի վայրերը գտնվում են սննդի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը պարզաբանեց՝ այդ վայրերում վերահսկողությունը լինելու է այնպես, ինչպես իրականացվում է արդեն երկու տարի՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:
Չպատվաստված կամ քովիդի դեմ չթեստավորված քաղաքացուն հանրային սննդի վայր թույլատրելու դեպքում տնտեսվարողն է տուգանվելու 100 հազարից մինչև 300 հազար դրամ: «Վերահսկողությունն իրականացնելու ենք մշտադիտարկումների շրջանակում, որոնք իրականացվում են վերջին երկու տարիների ընթացքում: Բացառապես տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ է լինելու տուգանքը: Տնտեսվարողը պետք է QR կոդի միջոցով ստուգի՝ արդյոք քաղաքացին պատվաստվա՞ծ կամ թեստավորվա՞ծ է քովիդի դեմ, նոր այդ դեպքում թույլ տա մուտքը հանրային վայրեր»,- ասաց Դանիելյանը:
Իսկ թե ինչպես է տեսչական մարմինը հասկանալու՝ արդյոք տնտեսվարողը պահե՞լ է համապատասխան պահանջը, այսինքն՝ մուտքը հանրային սննդի վայրեր թույլատրել է միայն քովիդի դեմ պատվաստված և թեստավորված անձանց, Դանիելյանն ասաց՝ այդ հարցում իրենց օգնելու է ոստիկանությունը:
«Դա մեզ համար մի փոքր բարդ է լինելու, բայց իրականացնելու ենք ոստիկանության հետ, քանի որ միայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել՝ արդյոք քաղաքացիների մոտ առկա՞ են համապատասխան փաստաթղթերը, թե՞ ոչ: Բացի դրանից, միայն ոստիկանությունն իրավունք ունի կիրառել պատասխանատվության միջոցներ քաղաքացիների շրջանում, և եթե մենք ֆիքսենք, որ հաճախորդին տնտեսվարողը թույլ է տալիս ներս մտնել առանց համապատասխան փաստաթղթերի, ապա կկիրառենք տուգանք տնտեսվարողի նկատմամբ, բայց թե արդեն ներս մտած և նստած հաճախորդն արդյո՞ք ներս է մտել համապատասխան փաստաթղթերի ստուգման դեպքում, թե՞ ոչ, այդ դեպքում ոստիկանությունն է մեզ օգնելու»,- ասաց Դանիելյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ մեզ հայտնեցին, որ ստուգումները հանրային վայրերում, այսինքն՝ թատրոններ, թանգարաններ, որոնք իրենց վերահսկողության տակ են, իրականացվելու են նույն սկզբունքով, ինչպես համաճարակային կանոնների պահպանման վերահսկողության դեպքում:
ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանն ասաց. «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին օրենքով վերապահված է վերահսկողություն իրականացնել ստուգայցերի տեսքով: Խստացված ստուգայցեր կկատարվեն ժամանցի վայրերում՝ պահանջի կատարումը վերահսկելու համար»:
Իսկ թե ինչու մոլերն այս ցանկի մեջ ներառված չեն, առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տնտեսվարողների ցանկը հնարավոր է՝ ենթարկվի փոփոխությունների: