Խրամատը լքողը
АналитикаԵրեկ երեկոյան, հայկական մեդիահարթակի հիմնական թեման կապված էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ։ Ակնհայտ է, որ Սարգսյանի հրաժարականը անսպասելի էր ու անակնկալ, քանի որ նա իր պահվածքով ու դրսևորած վարքագծով բնավ հեռացող նախագահի տպավորություն չէր թողնում։ Առնվազն օրինակ այն իմաստով, որ ընդամենը օրեր առաջ Արմեն Սարգսյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Էմիրություններում, հանդիպումներ ունենում Էմիրությունների թե՛ ղեկավար, թե՛ բիզնես շրջանակների հետ, քննարկում Հայաստանում ներդրումային նոր հեռանկարներ և այն: Ըստ էության, սա խոսում է այն մասին, որ նա «թեմայի մեջ» էր և այդ պահին հրաժարականի մտադրությունր բնավ չուներ։
Նշենք, որ այդ այցից հետո եղավ նաև հաղորդագրություն այն մասին, որ Արմեն Սարգսյանը կարճատև արձակուրդ է վերցրել՝ առողջական զննության անցնելու համար: Ստացվում է, որ հենց այդ արձակուրդի ընթացքում էլ նա ներկայացնում է հրաժարական, ավելի շուտ՝ հայտարարում հրաժարականի մասին՝ գտնվելով Հայաստանից դուրս:
Միանգամից բոլորի մոտ առաջանում է նույն հարցը Առաջին հարցը, թե արդյո՞ք այս անգամ էլ նրա հրաժարականի պատճառն առողջությունն է, ինչպես մոտ երկու տասնամյակ առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ից հետո նրան նշանակեց վարչապետ ու Արմեն Սարգսյանը պաշտոնավարեց ընդամենը 5-6 ամիս: Չխորանալով և չմանրամասնելով կոնսպիրոլոգիական տեսություններն ու մանրամասների մեջ, որոնք գոյություն էին այդ օրերին նշենք, որ տեղի ունեցածը հերթական անգամ վկայում է Արմեն Սարգսյանի ապիկարության ու պատասխանատվությունից խուսափելու մասին։ Մարդը, փաստացի, լքում է խրամատը՝ հասկանալով ու փայլուն գիտակցելով, թե ինչ ծանր վիճակում է գտնվում պետությունը։
Ստացվում է, որ Հայաստանում, որպես տուրիստ ու «անգլիական հաճախորդ» աշխատած Սարգսյանը փախչում է ինքն իրենից և չի նայում իրականության աչքերին։ Նրա անատամ նախագահության տարիներին Հայաստանում իսկական քաոս էր ու դժոխք էր տիրում, ոչ մի անգամ իր տեղում չգտնվեց և ստեղծված իրավիճակին հստակ քաղաքական գնահատական չտվեց։ Իսկ հիմա նա ուղղակի հեռանում է։
Ըստ էության, Սարգսյանը գոնե առայժմ չի ներկայացրել իր հրաժարականի կոնկրետ պատճառ կամ պատճառներ: Նրա հրաժարականի հայտարարությունը կարող է տալ կռահումների առիթ: Ընդ որում, այդ թվում և առողջության առումով, քանի որ Սարգսյանը խոսում է նաև այն մասին, որ չունենալով իր կարգավիճակին համարժեք գործելու լիազորություն, գործիքակազմ, նախագահը և իր ընտանիքը դառնում էին ընդհուպ անձնական թիրախավորումների «հասցեատեր», ինչն ըստ նրա՝ նաև հարվածում էր առողջությանը:
Միանշանակ կասկածից վեր է մի բան, որ Հայաստանը մոտենում է քաղաքական վերադասավորումների մի շրջափուլի, որի դրվագ էր Սարգսյանի հրաժարականը: Հարցն այն է թերևս, թե հատկապես ինչ մոտիվներով է ձևավորվում այդ շրջափուլը՝ ներքին իրողությունների բերումո՞վ, թե՞ արտաքին մարտահրավերների:
Դավիթ Սահակյան