Նիկոլի սահմանադրական տրյուկը
АналитикаԵրեկ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ստի ու մանիպուլյացիայի, ինչպես նաև քաղաքական «կրուտիտների» հերթական մաստեր-կլասի փայլատակումն էր։ Իր խոսքում Փաշինյանը հերթական պրիմիտիվ պոպուլիզմի միջոցով իր ընտրազանգվածին փորձում էր ինչ-որ մեսիջներ ուղղել՝ բացահայտ տիրաժավորելով ադրբեջանական քարոզչամեքենայի ամենօրյա թեզերը։ Սակայն մի քանի դրույթով խոսենք Փաշինյանի առաջ քաշած ներհայաստանյան իրողության հետ ուղղակիորեն կապ ունեցող մտքերի հետ։
Իր խոսքում նա ակնարկել է, թե «փաստ չէ, որ Հայաստանում լինելու է Սահմանադրության փոփոխություն և կառավարման մոդելի փոփոխություն»: Նա նաև ակնարկել է, թե կողմ է արտահայտվում կառավարման խորհրդարանական մոդելը պահպանելուն:
Փաստենք, որ ՀՀ-ում Սահմանադրության փոփոխության թեմայի հանդեպ հետաքրքրությունը նորովի բորբոքեց Արմեն Սարգսյանի հրաժարականը, որի մասին հայտարարության մեջ նա նշում էր կիսանախագահական մոդելի վերադառնալու անհրաժեշտության և կարևորության մասին: Փաշինյանը սակայն, ոչ միայն մոդելի փոփոխությունը չի արժանացնում հավանության, այլ փաստորեն դեռևս առկախ է թողնում Սահմանադրության փոփոխությունն ինքնին, ասելով, որ աշխատանքային խումբը կգնահատի՝ արժե փոխել Սահմանադրությունը, կատարել դրանում փոփոխություններ, թե ոչ։
Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի համար Սահմանադրության փոփոխության հարցը կարևոր է որպես գործընթաց, որը տալիս է ներքին և գուցե նաև արտաքին խաղի հնարավորություն, կախված իրավիճակից, ըստ անհրաժեշտության: Այլ կերպ ասած, Սահմանադրության փոփոխության հարցը Նիկոլի համար ակնհայտորեն ոչ թե նպատակ է, այլ մանևրի հերթական միջոցը: Չի բացառվում, իհարկե, նպատակի առկայությունը, որի մասին նա այժմ գերադասում է չբարձրաձայնել, թերևս հենց իր մանևրի հնարավորությունը պահելու համար:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ իր հերթական տրյուկով Փաշինյանը քաղաքական դիսկուրսում նոր օրակարգ է ձևավորում և փորձում ժամանակավորապես առկախել Սահմանադրական փոփոխությունների շուրջ գոյություն ունեցող մոտեցումներն ու տեսակետները։ Չմոռանանք, որ իշխող թիմում հստակ տրամադրություններ կան, և դրա մասին մի քանի անգամ ակնարկել է նաև Նիկոլն ինքը, որ չի բացառվում անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգին։ Ամենայն հավանականությամբ նա այս փուլում հարցը ժամանակավորապես սառեցնում է, որպեսզի հանձնաժողովը ցուգցվանգի մեջ չհայտնվի և նախատեսվող փոփոխություններն իրականացվեն պատշաճ ընթացակարգով։ Չմոռանանք, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ կապված անդրադարձների ժամանակ քանիցս ակնարկվել է Սահմանադրության փոփոխության մասին, իսկ դա, ինչպես գիտենք, ժամանակատար և բավականին ծավալուն պրոցես է։ Նիկոլի հերթական բլեֆը անշուշտ ուղղակիորեն կապված է Սարգսյանի հրաժարականի հետ, վերջինս ուղղակի խառնեց Նիկոլի խաղաքարտերը։
Արտակ Գրիգորյան