Գեղարքունիքի մարզում նշվեց Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը
ОбществоԳեղարքունիքի մարզում Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը նշվեց պետական հիմնարկներում, կրթամշակութային հաստատություններում, զորամասերում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն ընթացավ ծաղկեդրումով ու մոմավառությամբ, Հանրապետական մաղթանքով, հիշատակի արարողություններով, Հայոց բանակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումներով։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ հարգեցին Հայոց բանակի հերոսացած զինվորների հիշատակը։ Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի նախագահությամբ եւ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։
«Աղոթում ենք մեր հերոսների հոգիների հանգստության համար, սահմանին կանգնած մեր զինվորների համար ու հույս հայտնում, որ մեր բանակը կուղղի իր մեջքը, կհզորանա եւ կապահովի մեր հայրենիքի խաղաղությունն ու բարօրությունը»,- Հանրապետական մաղթանքից հետո ներկաներին դիմեց Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։
Խոսրով Խլղաթյան