«Կարուսելի» էֆեկտը
АналитикаՕրերս ՊԵԿ-ը հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում կրկին աչքի են զարնում պետական կառավարման մարմինները։ Նստած լինելով բյուջեի վրա և ֆինանսավորվելով հարկատուների հաշվին` դրանցից շատերը հանդիսանում են խոշոր հարկատուներ։ Բայց զուտ այն պատճառով, որ երբեմն մեծ գումարի եկամտային հարկ են վճարում։ Ստացվում է՝ պետբյուջեից գումարները գնում են աշխատավարձ վճարելու համար, մի մասը եկամտային հարկի ձևով կրկին վերադառնում են բյուջե։
Ըստ էության, գործ ունենք, այսպես կոչված, կարուսելի հետ. կառավարությունը մի գրպանից փողը հանում է, դնում է մյուս գրպանը։ Այն տնտեսական գործունեության հետ կապ չունի, բայց բավական շոշափելի ազդեցություն է թողնում բյուջեի եկամուտների վրա։ Ի՞նչ է ստացվում՝ ունենք պետական կառավարման մարմին, որը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը։ Խոսքը Պաշտպանության նախարարության մասին է։ ՊՆ-ն սնվելով բացառապես պետբյուջեից՝ անցած տարի վճարել է ավելի քան 42,6 մլրդ դրամի հարկ, վճարված հարկերը 6,5 միլիարդով ավելի շատ են եղել, քան 1 տարի առաջ, գոյացած հարկերի մեծ մասը եկամտային հարկի գծով են. 42,6 մլրդ դրամից 35,9 միլիարդը եղել է եկամտային հարկը։
Ի դեպ՝ պետական մարմիններից երկրորդ խոշոր հարկատուն Երևանի քաղաքապետարանն է։ Այս կառույցի վճարած հարկերը կազմել են 5,3 մլրդ դրամ՝ կտրուկ ավելանալով նախորդ տարվա համեմատ։ 2020թ. Երևանի քաղաքապետարանը վճարել էր 1,7 միլիարդի հարկ։ Անցած տարի այն եռապատկվել է։ Պետական մարմիններից խոշորների ցանկում երրորդը ՊԵԿ-ն է՝ վճարած գրեթե 4,5 մլրդ դրամ հարկերով։ Ավելի քան 3,3 միլիարդը եկամտային հարկն է։ ՊԵԿ-ին հաջորդում են ԱԱԾ-ն ու Բարձրագույն դատական խորհուրդը։ Մեկն անցած տարի վճարել է 4,2 միլիարդ, մյուսը՝ շուրջ 2,7 մլրդ դրամի հարկ։ ԱԱԾ-ի վճարած հարկերից 3,9 միլիարդն է եղել եկամտային հարկը, ԲԴԽ-ինը՝ 2,2 միլիարդը։ Հավելենք, որ պետական կառավարման մարմիններից կտրուկ ավելացել են վարչապետի աշխատակազմի վճարած հարկերը։ Նախորդ տարվա 898 մլն դրամից դրանք հասել են 1,6 միլիարդի. շուրջ 780 միլիոնը եղել է եկամտային հարկը։
Նշենք, որ անցած տարի խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 206 մլրդ դրամ։ Նախորդ տարվանից սա ավելի է 129 միլիարդով, ասել է թե աճը հասնում է 12 տոկոսի։ Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք բավական լավ արդյունքի հետ, բայց երբ նայում ենք, թե ինչքան են ավելացել մյուս հարկատուների վճարած հարկերը, տեսնում ենք, որ գործ ունենք հարկային բեռի խիստ անհամաչափ ավելացման հետ։ Խոշորների ցանկում չընդգրկված հարկատուների վճարած հարկերի աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է։ Եթե խոշորների վճարած հարկերն աճել են գրեթե 12 տոկոսով, ապա մնացածինը՝ 25 տոկոսով։ Նրանց դեպքում աճի տեմպն ավելի քան կրկնակի բարձր է։ Անկախ նրանից, թե սա ինչի հետևանք է, մտածելու, առավել ևս՝ մտահոգվելու տեղիք է տալիս։
Անցնող տարվա ամենախոշոր հարկատուն եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 48,8 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարները գրեթե 6 միլիարդով ավելացել են՝ պայմանավորված միջազգային շուկաներում մետաղների գների բարձրացմամբ և տարվա երկրորդ կեսից կիրառվող արտահանման տուրքով։ Արտահանման տուրքի կիրառումը և սկսված անհարկի միջամտությունները չնայած իրենց ազդեցությունն են ունեցել ոլորտի արտադրության ծավալների վրա, այնուհանդերձ ԶՊՄԿ-ի վճարած հարկերն անցած տարի ավելացել են։
Հավելենք, որ կտրուկ են աճել հատկապես «Թեղուտի» վճարները, թեև դրանք անհամեմատելի են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարների հետ։ «Թեղուտն» անցած տարի բյուջե է փոխանցել 15,3 մլրդ դրամ՝ կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի։ Որքան էլ շարունակում է խափանված մնալ Ամուլսարի ծրագիրը՝ «Լիդիան Արմենիան» բավական խոշոր գումարի հարկային պարտավորություն է կատարել։ Այն կազմել է ավելի քան 4,3 մլրդ դրամ, ինչը 12 անգամ գերազանցել է 2020թ. ցուցանիշը։
Սակայն նույն բանը չի կարելի ասել հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր ընկերության՝ «Գեոպրոմայնինգ Գոլդի» մասին, որի պարագայում ունենք վճարած հարկերի բավական շոշափելի կրճատում, շուրջ 5,5 մլրդ դրամի չափով։ Սա էլ պատերազմի հետևանքն է, որի արդյունքում ոչ միայն Սոթքի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այլև առաջացան անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք երբեմն-երբեմն խոչընդոտում են հանքի անխափան աշխատանքը։
Դավիթ Երիցյան